Foto

Առաջիկայում ԶՈՒ ԳՇ-ն պետ դեռ չի ունենա, նոր նշանակումը կլինի կառուցվածքային փոփոխություններից հետո․ Պապիկյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը նոր պետ կունենա միայն ՊՆ–ում նախատեսված կառուցվածքային փոփոխություններից հետո։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքերով՝ ունենալու ենք նոր մոդել, որով ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Բացի այդ՝ Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ «Գնում, սպասարկում, ապահովում` այդ ամենով պիտի զբաղվեն ՊՆ այլ վարչություններ»,– նշել է Պապիկյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների նոր օրենսդրական փաթեթը շրջանառվել է կառավարությունում երկար ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն պետ չունի 2022թ–ի փետրվարի 24-ին, երբ Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվեց ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Վերջինս ներկայումս որպես մեղադրյալ անցնում է ՀՀ պաշտպանության նախկն նախարար Դավիթ Տոնոյանի գործով եւ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։