Այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևանում Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է տեղում մեկ այլ վթարի համար դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել էր երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային։









