Մի շարք պետական հիմնարկներում երեկ պարտադանք է եղել՝ գնալ Սարյան փողոց և նկարվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա բեմադրված գործողություն է եղել՝ նախապես պլանավորված, այնպես որ, երեկվա իրադարձությունը ներկայացնել որպես ժողովրդական սեր՝ ուղղակի ծիծաղելի է, ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Մենք բոլորս աբսուրդի մեջ ենք ապրում, երբ ոստիկանը մարդուն ասում է՝ «Դու հերոսի ծնող ես, դրա համար ենք քեզ ծեծում»։ Մենք ապրում ենք մի երկրում, երբ խաղաղ ցույցի ժամանակ հատուկ սադրիչներ են պատրաստվում, որոնք հետո պետք է արդարացնեն սեփական ժողովրդի վրա կրակելը։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ժողովրդավարության ֆորումին թույլ չեն տալիս լրագրողների և ընդդիմադիր պատգամավորների մուտքը։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ սոցապ աշխատակիցների, փոստատարների միջոցով զոհերի ընտանիքներին փորձում են ներշնչել, որ եթե փորձեն ցույցերին մասնակցել, զինվորների ապահովության հիմնադրամի վճարումները կդադարեցվեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ զոհվածների ընտանիքներին հորդորելով թույլ չտալ էժանագին ստերով սադրել իրենց։









