Դա ուղղակի խայտառակություն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե իր թիկնազորի անդամներն են ոստիկանության հագուստներով մասնակցում «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ գործողություններին:
«ֆեյքային այս պայքարը վերացվել է, մենք պետություն ենք, ազգ ենք, ժողովուրդ ենք, քաղաքական համակարգ կա, էդ ստերը, էդ հորինված մտքերը... խայտառակություն է: Գիտե՞ք ինչն է ինձ անհանգստացնում. Հիմա ես կարող եմ հարյուրավոր սուտ, ֆեյքային մեղադրանքներ հնչեցնել ձեզ, անհարմար է: Դրանց ուզածը, ի՞նչ են ուզում: Դուք ինձ տեսնում եք, գիտեք իմ գաղափարը, միտքը, պատկերացումները, մարդկային որակները, ո՞նց կարող է ինձ նման գիտակցություն ունեցող մարդը այդ կարգի գործողության գնա»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ առանց տարբերանշանի ոստիկաններ են, Սուքիասյանն արձագանքեց. «Առանց տարբերանշանի են, ես էլ ասում եմ՝ ձեր հայրը, ձեր հորեղբայրը եւ ձեր բարեկամներն են արել: Դա նորմա՞լ ա: Ես դա խայտառակություն եմ համարում, ոչ թե հերքում եմ, վերջ տվեք էդ ստերին: Ընդդիմությունը ստերով չի կարող ոչնչի հասնել: Դուք ինձնից լավ գիտեք, որ դա սուտ է: Նման լուրերը նույն կազմակերպությունները, նույն քաղաքական համակարգը տարածում է, հետո ասում են՝ ուզում ենք՝ հերքեք, ուզում ենք հասկանալ»:
Իշխանական պատգամավորը հիշեցրեց, որ 2021-ին տեղի են ունեցել ԱԺ արտահերթ ընտրություններ, որի արդյունքում ձեւավորվել է խորհրդարան. «Էս մնացած ամեն ինչը խայտառակություն է»:









