Մայրաքաղաքի Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում
հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել
է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգությունները)
հատկանիշներով: Հունիսի 4-ի հետկեսօրեի դրությամբ ձերբակալվել է 13 անձ: Այս մասին
հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 5-րդ կետը
սահմանում է՝ Սույն օրենսգրքում զանգվածային անկարգություններ
են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով,
հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին
զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները,
որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը: Սրանցից ո՞ր գործողություններ են արել ձերբակալված
քաղքացիները քննչական կոմիտեից չեն մեկնաբանում: Vesti.am-ը
հարցն ուղեց քրեական գործերով մասնագիտացված փաստաբան Ամրամ Մակինյանին: Վերջիս ասաց,
որ որևէ քաղքացու կողմից նման վարքագիծ չի նկատել և ոչ իրավական ձևակերպմամբ անկարգություններ
կատարել են ոստիկանները: Մակինյանը ՀՀ-ում զանգվածային անկարգության թերևս մեկ դեպք
է հիշում՝ 2008թ մարտի 1-ը: «Կարծում եմ, այս հոդվածով գործ հարուցելու պատվիրատուն
լավ չի պատկերացնում, թե ինչ է զանգվածային անկարգությունը: Հակառակ դեպքում, նման անգրագետ
իրավական գնահատաններ չէին տա: Բայց քանի որ ՀՀ իշխանությունն իր կապերը խզել է օրենքի
և օրինականության հետ, շատ դժվար է մենկաբանել այդ մարդկանց գործողությունները», -
ասաց մասնագետը:
Ոստիկանության
մասին օրենքը սահմանում է հատուկ միջոցներ կիրառելու հնարավոր դեպքերը: Ընդհանրացնելով օրենքի տրամաբանությունը՝ փաստաբանն ասաց.
«Կիրառվող միջոցը պետք է փոխհամարժեք լինի այն արարքին, որը պետք է կանխել: Չի կարելի
միայն քաղաքացիներին ցրելու համար հատուկ միջոցներ կիրառել: Դրանք իրավախախտումները
կանխելու համար են»:
Մինչ
այս պահը, որևէ ոստիկանի նկատմաբ քրեական գործ չի հարուցվել, թեև անհամաչափ ուժի կիառման
բազմաթիվ կադրեր կարելի է տեսնել տարբեր լրատվական նյութերում: Մակինյանն ինքն
էլ մի քանի հաղորդում է ներկայացրել ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Մինչ
այս պահը, որևէ իրավական պատասխան չի ստացել: Նշենք նաև, որ օրենքով սահմանված է քրեական
գործ հարուցելու կամ չհարուցելու առավելագույնը
10 օրյա ժամկետ, բայց 13 քաղաքացու նկատմամբ գործ հարուցվեց հաջորդ իսկ օրը:
Փաստաբանն
ասում է՝ բոլոր կադրերը հատուկ կրիչում պահվում են։ Ի վերջո, քաղաքացիների նկատմաբ անհամաչափ
ուժի կիրառող ոստիականը մեկ օր հաստատ պատասխանատվություն է կրելու:









