Foto

Ինքնաբուժվող Հայաստանի օրակարգը

Վերջին չորս տարիներին հայ ժողովրդի գիտակից ու ինտելեկտուալ հատվածը, որն ունի հայրենիքի ապագայով մտահոգություն, ապրում է իր կյանքի գողգոթան, քանի որ օրը ցերեկով կրում է դժոխային ապրումներ։ Հանրության մի որոշակի հատված շարունակում է կուրորեն ու ինքնամոռաց հավատալ Նիկոլ Փաշինյանի փչոցներին և «լավ Հայաստան» ունենալու քաղցր հեքիաթին։ Մարդկանց այդ շերտը փորձում է ինքն իրեն համոզել, որ այնուամենայնիվ Հայաստանում ապագա կա, և որ այն ողբերգություններն ու պետականակործան քայլերը, որոնք միմյանց հաջորդելով իրականացնում է Նիկոլը, նախկինում արված սխալ քաղաքականության արդյունքն են և այդ ամենը ուղղակի «գցել» են իրենց սիրելի Փաշինյանի գրպանը։

Եթե փորձենք այլ բնորոշմամբ ներկայացնել, ապա ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ հասարակության ախտորոշումն է։ Մանդատը, որի մասին նա անընդհատ խոսում է, իրականում հանրային առողջության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին բժշկական տեղեկանք է։ Այն իրողության վկայությունը, որ հասարակության մի մասը լռելյայն հանդուրժում է երկրին արյունալի աղետներ բերած իշխանությանը, իսկ մեկ այլ հատված անգամ բարձրաձայն պաշտպանում է մեկին, ով, իր իսկ խոստովանությամբ՝ կարող էր կայացնել հազարավորների մահը կանխելու որոշումներ, բայց չի կայացրել։

ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացներից հետո միանշանակ է, որ մեր հասարակության ախտորոշման դիապազոնը գտնվում է Եռաբլուրի ու Նիկոլ Փաշինյանի «մանդատի» միջակայքում։ Դրանք երկու իրականություններ են, որոնք որևէ այլ հանրությունում պետք է լինեին իրար փոխբացառող իրականություններ։ Բայց Հայաստանում դրանք ոչ միայն չեն բացառում, այլև պայմանավորում են իրար։ Կասկածից վեր է, որ ողբերգականորեն մեծացած Եռաբլուրը պետք է ունենար հետևանք, պատասխանատու ու դատաստան։ Բայց արի ու տես, որ, դատաստանի փոխարեն՝ Եռաբլուրին հաջորդեց, այսպես կոչված, «պողպատե մանդատը»։ Դա արյունոտ մանդատ է, և դրա համար պատասխանատու է ոչ միայն մանդատի կրողը, այլ նաև այն շնորհողը, հասարակությունը՝ ընդհանուր առմամբ։

Ցավով պետք է փաստենք, որ թալանի հարցում անհանդուրժող հասարակության հանդուրժողականությունն արյունոտ հանցավորության նկատմամբ՝ լրջագույն ախտորոշում է։ Այդ մասին մոդայիկ չէ խոսել, բայց դա ճշմարտություն է, առանց որի ընդունման հնարավոր չէ մտածել ախտորոշված անանուն հիվանդության ապաքինման մասին։ Այնուհանդերձ պարզ է, որ այդ զրույցը հասարակության հետ երբևէ պետք է կայանա։

Ընդհանուր այս ֆոնին պարզ է անև, որ այդ զրույցը չեն կարող վարել ո՛չ իշխանությունները, որոնք հասկանալիորեն ախտորոշման առաջնային շահառուներն են, ո՛չ էլ ընդդիմությունը, որի համար հասարակությանը ճշմարտությունն ասելը կարող է վարկանիշային կորուստներ ապահովել։ Մեծ հաշվով, այդ զրույցը հասարակությունը պետք է վարի առանց զրուցակցի՝ ինքն իր հետ ու լռության պայմաններում, որովհետև բոլոր կարևոր որոշումները կայացվում են լռության մեջ, նաև գաղտնիք չէ, որ լռության մեջ է մարդը, տվյալ դեպքում հասարակությունը, մտածում։

Ներկայումս, սակայն, Հայաստանում աղմուկի ժամանակներ են։ Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» մասին իշխանության մանտրան լռեցվում է դավաճանության ու կապիտուլյացիայի մասին ընդդիմության կրկնողությամբ, և հակառակը։ Իսկ աղմուկը բանավեճից տարբերվում է նրանով, որ դրանում հաղթում է ոչ թե ավելի խելոքը կամ փաստարկվածը, այլ ավելի լաչառն ու շուխուռչին։

Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր ապրում է այս լաչառության սպարտակիադայի պայմաններում, որտեղ հաղթում է ձայնի հատկապես ու առանձնապես ճղճղան տեմբր ունեցողն ու մանիպուլյատորը։ Աղմուկի մեջ լսվում է ոչ թե ճշմարտությունը, այլ սուտը, որը հնչում է հատկապես բարձր։

Փաստենք՝ Նիկոլի իշխանությունը հայ հասարակության ախտորոշումն է։ Միանշանակ հայ հասարակությունը նախ պետք է գիտակցի սեփական այդ ախտորոշումը, ապա ապաքինման փորձեր կատարի։ Սա հիվանդության բացառիկ վիճակ է, որից ապաքինվելու համար բժիշկներ անհրաժեշտ չեն, անհրաժեշտ է ինքնաբուժում։

Արմեն Հովասափյան