Foto

Արցախի հարցի միջազգային հարթակի փրկության փորձը

Ինչպես հայտնի է՝ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո գլխավոր միջնորդի՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունը լայն քննադատությունների առարկա դարձավ հատկապես Երևանում: Ավելի ուշ՝ մայիսի 31-ին ԵԽ նախագահի մամուլի խոսնակ Բերենդ Լեյցը հայտարարություն է տարածել, ամենայն հավանականությամբ՝ նպատակ ունենալով վերջ տալ Միշելի հայտարարության շուրջ տարատեսակ շահարկումներին: Այլ հարց է՝ ստացվե՞ց արդյոք այդ անդրադարձով տալ բոլոր հարցերի պատասխանները, թե՞ ոչ:

Հանուն արդարության պետք է փաստել, որ Միշելի մայիսի 22-ի հայտարարությունը կառուցված էր ադրբեջանամետ թեզերի և ադրբեջանական օրակարգի, այդ թվում՝ հումանիտար հարցերում առավելապես ադրբեջանական պահանջների վրա, այն դեպքում, երբ Հայաստանն ունի անհետաձգելի հումանիտար խնդիրներ:

Առանձնացնենք նաև, որ Միշելը հայտարարությունը բաժանել էր 4 մասերի՝ անդրադառնալով սահմանային հարցերին, հաղորդակցություններին, խաղաղության պայմանագրին, սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հատկապես քննարկվեց Միշելի հետևյալ արտահայտությունը. «Շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Վերլուծաբաններն ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ որևէ խոսք չկա ԼՂ կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին, նշվում է ոչ թե «Լեռնային Ղարաբաղ», այլ «Ղարաբաղի էթնիկ բնակչություն» Ադրբեջանի վարչատարածքային տրամաբանության շրջանակում՝ արդեն իսկ կանխորոշելով բանակցությունների ուղղությունը:

Ըստ էության, հավելյալ ու խորքային քննադատությունների արժանացավ այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը հանդիպումից հետո Էրդողանին ներկայացրել էր բրյուսելյան հանդիպման արդյունքները՝ ասելով, թե կողմերը քննարկել են Ադրբեջանի 5 առաջարկները, պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ՝ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

Հավանաբար շատերս ենք հիշում ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել էր հայտարարությանը՝ ըստ էության ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային մեղադրելով ոչ կոռեկտ հայտարարություն անելու մեջ: Փաշինյանը նշել էր. «Քանի որ քննարկումների արդյունքում կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն չի ձևակերպվել, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է իր կողմից քոմենթներ անել, որը, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանով է ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է»։

Իր հերթին Լեյցը տարածված նոր հայտարարությամբ նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում ԵԽ նախագաը վերստին հաստատել է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու երկու երկրների հետ համագործակցությունը և խթանելու Հարավային Կովկասը՝ որպես անվտանգ, կայուն, խաղաղ և բարեկեցիկ տարածաշրջան՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց: «Ավելի լայն առումով նախագահ Միշելն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին՝ ներառյալ՝ շարունակելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին: Ինչպես ցանկացած այլ հակամարտության ժառանգականության պարագայում է, տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում։ Նախագահ Միշելի՝ առաջնորդների հանդիպման արդյունքների վերաբերյալ մայիսի 22-ի հայտարարությունը չպետք է մեկնաբանել՝ որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի: Ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համակողմանի հասցեագրումը. սա ներառում է բոլոր բնակչությունների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարությունում:

Ըստ էության, նոր խմբագրված հայտարարություն տարածվել է, որպեսզի Շառլ Միշելի հեղինակությունը, որպես միջնորդ ՝ ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից: Ամենայն հավանականությամբ՝ Միշելը փորձել է հստակություն մտցնել միայն այսպես կոչված «միջանցքի» հարցում, ըստ էության նշելով, որ կարծես այդ տրամաբանությամբ չեն բացվելու ապագա ճանապարհները: Մյուս առումներով նա փորձում է զերծ մնալ հետագա բանակցությունների կանխորոշ գնահատականներից, սակայն կրկին ԼՂ-ի վերաբերյալ հայամետ ձևակերպումներ չի անում:

Կարող ենք փաստել, որ ուղղակի փորձ է արվել փոքր-ինչ խմբագրել հայտարարությունը, մեղմել դրա նկատմամբ մեծ բացասական վերաբերմունքը, որպեսզի հնարավոր լինի պահպանել այդ հարթակը հետագա բանակցությունների համար: Կարող ենք նաև վստահաբար արձանագրել, որ ՀՀ ներքաղաքական իրավիճակը և ընդհանուր առմամբ բողոքները նպաստեցին, որպեսզի հավելյալ մեկնաբանություններ արվեն:

Արմեն Հովասփյան