Foto

Տոկաևը Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Կանիշ Աբուբակիրովին նշանակել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։

«Պետության ղեկավարի հրամանագրով Կանիշ Ասանխանովիչ Աբուբակիրովը նշանակվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, նա ազատվել է իր նախկին պաշտոնից»,-ասված է Տոկաևի գրասենյակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ Աբուբեկիրովը այս պաշտոնում փոխարինում է Սուլթան Կամալետդինովին։

2024 թվականի հունվարից Աբուբեկիրովը զբաղեցնում էր Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը՝ լոգիստիկայի և ռազմական ենթակառուցվածքների գծով։