Վաղուց ապացուցված
ճշմարտություն է, որ ցանկացած պետության որակը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ զգալիորեն
կախված է դրանում որոշումներ կայացնողների աշխարհայացքից, մտածողությունից, արժեհամակարգից,
ինչպես նաև անցած ուղուց։ Որոշումներ կայացնողների, առաջին հերթին ու առավելապես՝ իշխանությունների
աշխարհայացքային բարձր կամ ցածր որակներն էլ դառնում են պետական քաղաքականություն,
ռազմավարություն, ծրագրային հիմքը։ Նաև այս հարթությունում պետք է դիտարկել այսօր Հայաստանում
ու Արցախում կատարվող գործընթացները։ Եթե հակիրճ, ապա դրանք գրեթե ամբողջությամբ Նիկոլ
Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի մտածողության, արժեհամակարգի ու աշխարհայացքի արտահայտությունն
են, ինչը, ի դեպ, որևէ մեկը չի էլ փորձում թաքցնել։ Սա պետք է արձանագրել ցավով։
Ինչպես հայտնի
է, իր տարբեր հայտարարություններում Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, ՀՀ կառավարության
կողմից Արցախին հասցեագրված տարբեր ծրագրերի մասին։ Իսկ օրերս Ստեփանակերտում անցկացրած
հանրահավաքի հաջորդ օրը նա հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը վճարել է Արցախի բնակիչների
կոմունալ ծախսերն ու պետական համակարգի աշխատավարձերը։ Նրա ասածի իմաստը շատ պարզ է՝ եթե ես եմ վճարում ձեր լույսի վարձն ու աշխատավարձը,
ի՞նչ իրավունքով եք դուք «Նիկոլ դավաճան» վանկարկումներով հանրահավաք անցկացնում։
Ցավով պետք է
փաստենք, որ նշվածը Արցախի, ընդհանրապես պետության, հայրենիքի նկատմամբ Փաշինյանի աշխարհայացքի առանձին արտահայտություն
է, որն ամբողջությամբ կիսում են նրա իշխանության գրեթե բոլոր անդամները։ Իսկ այդ աշխարհայացքը
վերջին հաշվով հանգում է փողին։ Դրա հիմքում ընկած է այն հրեշավոր թեզը, որ թեև Արցախի
75 տոկոսն այսօր օկուպացված է, թեև Շուշիում հիմա պարում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը,
այլ Մեհրիբան Ալիևան, փոխարենը, Հայաստանը վճարում է Արցախից մնացած փոքր հատվածում
բնակվողների կոմունալ վճարները։
Ի դեպ՝ հենց այս
նույն մատերիալիստական աշխարհայացքն է ընկած նաև Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական
քայլերի հիմքում. դրանք վերջին հաշվով հանգում են այն իրողությանը, որ կարևոր
չէ՝ ո՞ւմ են պատկանելու Արցախը կամ Հայաստանով անցնող ճանապարհները, կարևորը, որ, այսպես
կոչված, «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո այդտեղ ներդրումներ կկատարվեն,
բեռնափոխադրումներ կիրականացվեն, կգա փող, գուցե ավելի շատ փող, և մարդիկ ավելի լավ
կապրեն։ Սա է նրա աշխարհընկալումը, որի հիմքում առավելապես, իսկ գուցե միայն փողն է,
որը, ինչպես հայտնի է, ազգություն ու հայրենիք չի ճանաչում։
Ըստ էության, հենց այս նույն
տրամաբանությամբ ու մոտեցմամբ Նիկոլը կարող
է համաձայնել Հայաստանի կառավարության շենքին փակցնել՝ Ադրբեջանի, իսկ Արարատ Միրզոյանի
կրծքին՝ Թուրքիայի դրոշը, եթե վերջիններս համարժեք կոնցեսիոն վճար տրամադրեն։ Եթե որոշումների
կայացման հիմնական կողմնորոշիչը փողն է, արդյունավետության չափման միավորն էլ՝ փողի
քանակը, ապա դրանց դրսևորումներն ունեն զուտ էսթետիկական տարբերություններ։
Վստահաբար կարող
ենք արձանագրել, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ակադեմիական անվանմամբ մերկանտիլիզմի
դրսևորում է, որը հատկապես տարածված էր 16-18-րդ դարերում Արևմտյան Եվրոպայում։ Եթե
փորձեմ փիլիսոփայական լեզվից թարգմանել, ապա ամենաընդհանրական ձևակերպմամբ՝ մերկանտիլիզմն
այն քաղաքականությունն է, երբ արտաքին առևտուրը հռչակվում է որպես հասարակության բարեկեցության
ու պետության անվտանգության ապահովման հիմնական միջոց։ Սակայն պետք է փաստենք, որ եվրոպական
ու փաշինյանական մերկանտիլիզմի միջև կա սկզբունքային տարբերություն։ Մերկանտիլիզմը
Արևմտյան Եվրոպայում ծառայում էր եվրոպական երկրների գաղութային էքսպանսիայի նպատակին։
Ըստ էության, Նիկոլի իրականացրած
մերկանտիլիզմը ևս ծառայում է գաղութային էքսպանսիային, այն տարբերությամբ, որ այդ քաղաքականությունն
իրականացնողը՝ Հայաստանը, ոչ թե էքսպանսիայի ենթարկողն է՝ սուբյեկտը, այլ դառնալու
է թուրք-ադրբեջանական էքսպանսիայի օբյեկտը։ Բլոտի լեզվով ասած՝ «թարս կապուտ»-ի քաղաքականության
դասական դրսևորում։
Վերջում հավելենք,
որ միանշանակ պատմությունը երբևէ կբացահայտի «հայկական մերկանտիլիզմի» գինը՝ այն, թե
որքա՞ն և ո՞ւմ է վճարվել այդ քաղաքականությունն իրականացնելու համար։ Ավելին, եթե այդ
քաղաքականությունն իրականացնողների աշխարհայացքի հիմքում փողն է, ապա նրանք վստահաբար
անվճար չեն սպասարկի թշնամական պետությունների գաղութատիրական շահերը։
Արմեն Հովասափյան









