ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ռազմական գործողություններն ընթանում են՝ ըստ պլանի։ Լավրովը նաև խոսել է ռազմական գործողություն սկսելու պատճառների և Մոսկվայի առաջնահերթությունների մասին։
«Կան պատճառներ, որոնք մեզ այլ ելք չթողեցին, քան նեոնացիստական կամայականությունից պաշտպանել Ուկրաինայում ապրող և այդ երկրի քաղաքացի հանդիսացող ռուսներին, պաշտպանել ռուսերեն լեզուն, մշակույթը… Ռուսաստանի կողմից որպես անկախ պետություններ ճանաչված Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ազատագրումը բացարձակ առաջնահերթություն է։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի մյուս տարածքներին, որտեղ ռազմական գործողություն է իրականացվում, ապա այդ շրջանների բնակիչնե՛րը պետք է որոշեն իրենց ապագան», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը կրկնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը ձգձգվել է այն պատճառով, որ «բանակին հրաման է տրված ցանկացած գնով խուսափել քաղաքացիական ենթակառուցվածքի վրա ցանկացած հարձակումից, ցանկացած հարվածից»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը, Լավրովն ասել է, որ երկխոսության ճանապարհը փակ չէ, սակայն Մոսկվան եվրոպական մտադրությունների մասին կդատի կոնկրետ գործողություններով։









