Երևանում ավարտին է մոտենում տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր տեղի են ունենալու եզրափակիչ մենամարտերը, որոնցից 4-ում աշխարհամասի չեմպիոնի կոչման համար պայքարելու են հայ մարզիկները:
Մինչև 57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանի մրցակիցն է լինելու իտալացի Միկելե Բալդասին։ Հայ բռնցքամարտիկը եզրափակիչի ճանապարհին հաղթել է թուրք Բաթուհան Չիտֆչիին և իսպանացի Խավիեր Դիաս Իբանյեսին։
Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) չեմպիոնի կոչումն է վիճարկելու ֆրանսիացի Լունե Համրաուի հետ։ Բաչկովը պայքարից դուրս է թողել անգլիացի Ջոզեֆ Թյերսին, չեխ Պետեր Նովակին և հունգարացի Ռիչարդ Կովաչին։
86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը չեմպիոնի կոչումն է վիճարկելու վրացի Գեորգի Կուշինաշվիլիի հետ։ Մեր մարզիկը մինչ այդ հաղթել է բուլղարացի Կրիստիան Դիմիտրով Ստեֆանովին, բելգիացի Վիկտոր Շելստրատին և լեհ Տոմաշ Նեդզվեցկիին։
60 կգ քաշային կարգում Վրաստանը ներկայացնող Արտյուշա Գոմցյանը մրցելու է իսպանացի Խոսե Բրոտոնս Կուիլեսի հետ։ Ջավախքը ներկայացնող հայ մարզիկը պայքարից դուրս է թողել իտալացի Ջանլուկա Ռուսոյին, իռլանդացի Պոլ Ջոն Հալեին և հունգարացի Ռոլանդ Վերեշին։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ մարզաձևի եվրոպական կոնֆեդերացիան վերանայել է եզրափակիչ մենամարտերի մեկնարկի ժամը. Դրանք կմեկնարկեն նախատեսվածից մեկ ժամ շուտ՝ ժամը 17:00-ին։









