Foto

Իգոր Խաչատուրովին կալանավորել են առանց պաշտպանական կողմի ներկայությունն ապահովելու․ Պողոսյան

Երեկ 17։30 նշականված դատական նիստում դատավոր Դավիթ Արղամանյանը պետք է քններ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը։ Վերջինիս պաշտպանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, ինչը բավարարվել էր։

Իսկ այսօր քննչական կոմիտեն հաղորդագրություն  էր տարածել, որ կալանավորման միջնորդությունը բավարարվել է։ Միհրան Պողոսյանը նույնպես հաղորդագրությունից է իմացել, որ իր պաշտպանյալը կալանավորվել է։ «Գիշերը ստեղծվել է արտակարգ դատարան, առանց պաշտպանական իրավունքի ապահովման նման որոշում է կայացվել»,- նշեց Պողոսյան։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։  Պողոսյանի խոսքով՝ Խաչատուրովը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Սա կոնկրետ հրահանգով սարքված գործ է, որի ապացույցներն այսօր կներկայացնեմ հանրությանը։ Ընդ որում մենք պատրաստակամ էինք այդ ամենը ներկայացնել դատարանում, բայց նույնիսկ դատարանում հանդես գալու իրավունքից էին մեզ զրկել»։

ՔԿ հաղորդագրության մեջ նաև նշվում է«․․․քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց»:

ՔԿ հաղորդագրության այս մասում կարծես այլևս կասկած չկա, որ Խաչատուրովը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ։ Սրանից զատ խոսվում է թմրամիջոց օգտագործելու մասին, իսկ փորձանմուշ չհանձնելու պատճառը՝ պաշտպանի խոսքով՝ պաշտպանական իրավուքից զրկված լինելն էր։ « Բարոյահոգեբուժական լուրջ խնդիրների ունեցող անձը կարող էր նման հաղորդագրություն տարածել։ Երկու անչափահաս երեխաների հորն, առանց պաշտպանի ներկայության, տոքսիկոքիմիական փորձաքննության տանելու մասով գրել, որ հրաժարվել է։ Կարծում եմ, այդ մտքի ֆանտազիան ունեցողը բարոյահոգեբուժական լուրջ խնդիրներ ունի ու իր նկատմամբ պետք է նշանակվի համանուն դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց Պողոսյանը հավելելով, որ միանշանակ բողոքարկելու են դատարանի կալանավորման որոշումը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան