Մայիսի 16-ից մեկնարկեց ուսուցիչների կամավոր ատեստավորման
2022 թ․ հայտերի ընդունման փուլը։ Ուսուցիչները մասնակցության համար հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի
էլեկտրոնային մատյանում: Այս տարի կարող են
դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: Այս կետն արդեն խնդրահարույց է, քանի որ այդ գործընթացից
կարող են դուրս մնալ մարզերի ուսուցիչները։ Օրինակ՝ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրը,
6 գյուղերը, որոնք նախորդ տարվա մայիսի 12-ի Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելուց
հետո, մնացել են առանց ինտերնետ ծառայության։
Այդ մասին զեկույց էր պատրաստել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող
ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Հայոց պատմություն»
և «Համաշխարհային պատմություն», ինչպես նաև «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները դասավանդող
ուսուցիչների համար կազմվելու է մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները:
ԿԳՄՍ փոխնխարար Ժաննա Անդրեասյանն ի վերջո ներկայացրեց է բաղձալի 400 000
դրամ աշխատավարձ ստանալու մեխանիզմը։ Նախ ուսուցիչը պետք է 70 տոկոս արդյունք ցուցաբերի, որ իր աշխատավարձի դրույքաչափը հաշվարկի 200 000 դրամով, ներկայումս գործող
100 000 դրամի փոխարեն, ապա դրա նկատմամբ նոր կհաշվարկվի 30, 40 կամ
50 % հավելավճարը: Այսինքն եթե 70 տոկոս արդյունք չի ցուցաբերում իր արդեն ունեցած աշխատավարձի
30, 40 կամ 50 %-ն է ավելի վճարվում։ Ըստ Անդրեասյանի՝ այս պահին ունենք ավելի քան
2 տասնյակ ուսուցիչներ, որոնք պետք է շուրջ 400 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստանան՝ կամավոր ատեստավորման դրույքաչափի և հավելավճարի արդյունքում։
Սակայն փոխնախարարը նաև արձանգրում է, որ այդ 400 000 դրամից պետք է գանձվեն նաև
պետտուրքերը և հարկերը։ Աշխատավարձի օնլայն հաշվիչի հաշվարկով՝ ուսուցիչի վճարվելիք
աշխատավարձը կկազմի 292500 դրամ։ Այդ 400 000-ից պահվում է 107 500 դրամ։
Անդրադառնալով ուսուցիչների բարձրացված խնդրին՝ թե 400 000 վճարվելը մանիպուլացիա է, Անդրեասյանը նշել է․ «Ես զարմանում եմ, որ անընդհատ պետք է մարդկանց հիշեցնել, որ
իրենց աշխատավարձը ներառում է պարտադիր վճարներ։ Սա սկզբունքային հարց է, և նման հարց
չպետք է հնչի: Այդ աշխատավարձը ներառում է բոլոր պարտադիր վճարները, և այդ տրամաբանությամբ
մենք պետք է գործենք»։
Համաձայն կարգի՝ ատեստավորումից 20 օր առաջ հրապարակվելու են առարկայական ուղեցույցները,
որտեղ ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, առաջադրանքների
նմուշները։ Սակայն ուսուցիչները պահանջում են, որ, ինչպես տնօրենների դեպքում է, այս պարագայում նույնպես հրապարակվեն հարցաշարերը։
Այս ամենից զատ, ատեստավորման գործընթացը հաջողությամբ հաղթահարած ուսուցիչների
աշխատավարձ կպահպանվի 5 տարի, դրանից հետո այդ գործընթաց պետք է անցնեն նորից 300 000
դրամից քիչ աշխատավարձ ստանալու համար։









