Նիկոլ Փաշինյանը
ՀԱՊԿ ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարեց, թե այդ կառույցը պատշաճ չի արձագանքել
Հայաստանի դիմումներին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք և
հիշեցրել է, որ ՀԱՊԿ երկրները զենք են վաճառել Ադրբեջանին, որն օգտագործվել է Հայաստանի
և հայ ժողովրդի դեմ: Երևի միակ անգամն է, որ Նիկոլը ճիշտ բան է ասում, թեև մինչև հիմա
պարզ չէ, թե ինչպե՞ս, ի՞նչ ընթացակարգով կամ ինչի՞ համար է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին:
Բայց թողնենք այս «նուրբ հանգամանքը» պատմաբաններին և խոսենք առարկայից: Ի՞նչու հանկարծ
Հայաստանի վարչապետը այդ իրադարձություններից մեկ տարի անց որոշեց ՀԱՊԿ իր գործընկերներին
հիշեցնել նրանց անգործությունը կամ արհամարանքը: Չէ՞ որ այս ընթացքում ինքը, որպես
ՀԱՊԿ նախագահող երկրի վարչապետ, գերմարդկային օպերատիվությամբ կազմակերպեց նույն ՀԱՊԿ
զորքերի մուտքը Ղազախստան: Այսինքն կառույցը կարող է պատշաճ արձագանքել, եթե պատշաճ
դիմում են և եթե քաղաքականապես ու անձնապես այնքան ընդունելի և հարգված ես քո գործընկերների
կողմից, որ կոնսեսուս ես ձևավորում: Հասկանո՞ւմ է սա Փաշինյանը՝ հավանաբար: Եթե հասկանում
է, ապա ո՞ւմ վրա է մունաթ գալիս: Ինքը չգիտե՞ր, որ ՀԱՊԿ երկրներից
ոչ մեկը, բացի Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանին չի սատարելու Ադրբեջանի դեմ, գոնե
այն պարզ պատճառով, որ բացի Բելառուսից, մյուսները տասնամյակներ շարունակ գտնվում են
Թուրքիայի տնտեսական և քաղաքական վերահսկողության տակ, իսկ Բելառուսի ղեկավարը ալիևների
ընտանիքի մերձավորագույն բարեկամն է: Եթե նույնիսկ դա է հասկանում, ի՞նչ հեռանկարով
և ի՞նչ ակնկալիքներով էր Ադրբեջանի հետ բանակցություններ սկսում սեփական զրոյական կետից, պատերազմ հրահրում և այդ պատերազմի ընթացքում հրաժարվում առաջարկված ավելի շահեկան զինադադարներից:
Դատելով նիստին
ներկա ՀԱՊԿ ղեկավարների դեմքի արտահայտությունից՝ Նիկոլի ելույթը ոչ մի լումա չավելացրեց
Հայաստանի դիվանագիտական ուղեբեռին: Ավելի՛ն, ՀԱՊԿ մյուս երկրներից ՌԴ, ավելի ճիշտ
ՌԴ նախագահի դերը կարևորելով, գուցե նոր տարաձայնություններ առաջացրեց առանց այդ էլ
«ազնիվ խոսքի» վրա գոյատևող և մեր համար միակ անվտանգային համակարգի ներսում:
Մի նկատառում
էլ՝ Հայաստանի վարչապետը փորձում է մատ թափ տալ իր անվտանգային գործընկերների վրա և
պատրաստվում է խաղաղության պայմանագիր ստորագրել կամ սահմանազատում անել այն երկրի
հետ, որի դեմ բողոքում է ՀԱՊԿ-ո՞ւմ: Սա դիվանադիտոթյան պատմության մեջ ամենաանփառունակ
օրինակներից մեկը կդառնա, որովհետև, ի հեճուկս սեփական դաշնակիցների, թշնամու հետ հաշտություն
դեռ ոչ մեկը չի կնքել: Իհարկե, նման դեպքեր եղել են, բայց այդպես վարվողը համարվել
է դավաճան և պատժվել է ոչ միայն նախկին դաշնակիցների, այլև թշնամու կողմից: Կարելի
է Նիկոլի այս քայլը համարել որպես «ժողովրդավարության բաստիոնի» վերջին ճիչ, բայց այդ
դեպքում նրա ելույթի վերջին նախադասությունը պետք է լիներ ՀԱՊԿ-ից դուրս գալու և բացառապես
ՌԴ հետ իր անվտանգային համակարգը ստեղծելու մտադրությունների մասին: Սակայն այդ համարձակությունն
էլ չունի, որովհետև հաստատապես գիտակցում է, որ ՀԱՊԿ-ն ՌԴ ամենածանրակշիռ խաղաքարտերից
մեկն է և ոչ մի «պյուտին» չի համաձայնվի զոհել այն՝ հանուն ինչ-որ մի շրջմոլիկ «վովաևիչի»
անձնական ամբիցիաների:
Եվ ուրեմն, ի՞նչ
արեց Նիկոլն իր հայտարարությամբ: Ամենագլխավորը՝ նա ներքին լսարանի իր հավատացյալներին
փորձեց ցույց տալ, որ ինքը «մաչո» է և կարող է Տոկաևի կամ Լուկաշենկոյի ներկայությամբ
բարձրաձայն ինչ-որ բան բխկալ: Երկրորդ՝ փորձում է երկպառակություն մտցնել ՀԱՊԿ կառույցում,
խաղալով բոլորովին այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից: Երրորդ՝ իր հնարավոր իշխանազրկումը
կապել իր «աննախադեպ դուխի» հետ և իր հավատացյալ լսարանի մոտ մարտիրոսանալ, որպես վերջին
կամիկաձե: Այսինքն՝ կրկին ամեն ինչ արեց իր անձի և իմիջի համար: Հայաստանի ու հայ ժողովրդի
շահն այստեղ ոչ մի կապ չունեն:









