Հավանաբար գաղտնիք
բացահայտած չեմ լինի կամ նոր հեծանիվ հորինած, եթե ևս մեկ անգամ փաստեմ, որ ՀՀ նորագույն
պատմության մեջ Գերագույն խորհրդի առաջին կազմը համալրված էր մեր հասարակության մտավոր
էլիտայի ներկայացուցիչներով: Չեմ վիճի, միգուցե պրոֆեսիոնալիզմի առումով այդ գումարման
պառլամենտականների մակարդակը կաղում էր, սակայն գրագիտության, հայրենասիրության և ազնվության
առումով հաստատ նման խնդիր չէր առաջանում: Ինչպես ասում են՝ կյանքն իր ճշգրտումները
մտցրեց նաև այդտեղ, և ժամանակի ընթացքում ազգընտիրների մակարդակն իջավ՝ հավասարվելով միջին վիճակագրական
հայաստանցու մակարդակին: Ավելին՝ երբեմն այն ավելի ցածր էր, քան միջին վիճակագրականը:
Հենց նման ցածր մակարդակն էր, որ Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայիս թիմակիցների համար
դարձավ հիմնական թիրախ և տարիներ շարունակ քննադատության ու ծաղրի առարկա, որից հետո
էլ հասարակությունը սկսեց ատել, այսպես կոչված, «նախկիններին»:
Փաշինյանի իշխանազավթումից
հետո տեղի ունեցավ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունը, և հասարակության
զոմբիացված հատվածը կարճ ժամանակ անց հասկացավ, թե ինչ սխալ է կատարել՝ ձայն տալով
Նիկոլին: Թե՛ նրա առումով և թե՛ նրա կողմից հավաքագրված՝ իբրև թե գրագետ անձանց հավաքականության
առումով: Իսկ 2021թ.-ի հունիսի 20-ին ԱԺ անցած անմեղսունակ ու անհայրենիք «սաստավի»
մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Հայաստանյան հասարակության ո՛չ գրագետ և ո՛չ հայրենասեր
հատվածի կողմից քվե ստացած մեծամասնության «շնորհիվ» մենք ունեցանք 30-ամյա մեր անկախության
շրջանի ամենաանհայրենիք խորհրդարանը: Առաջիկայում պատմությունը կփաստի, որ մենք ապրում
ենք ՀՀ ամենաամոթալի շրջափուլը և ունենք ամենաողորմելի խորհրդարանը։
Շատերը կհամաձայնեն
ինձ հետ, որ գործող խորհրդարանը վատագույնն է ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլև հավաքագրված
անձանց մարդկային տեսակի ու որակի առումով (մոռացա շեշտեմ, որ խոսքը բացառապես իշխանություն
կոչվածի կադրերի մասին է): Հանուն արդարության շեշտենք, որ սրա նախկինն էլ մի բան չէր:
Ավելին, քանի որ սպասելիքները մեծ էին, 2018-ին ընտրված խորհրդարանը սառը ցնցուղ
էր հասարակության լայն շրջանակների համար: Իշխանության ֆրակցիան զերծ է քաղաքական դեմքերի
առկայությունից, ասեմ ավելին՝ կդժվարանամ գտնել որևէ քաղաքական գործչի՝ իրենց դարը
վաղուց ապրած մեկ-երկու գերնախկինից բացի, սակայն հավելենք, որ ցինիզմի առումով այս
խորհրդարանը բոլորի առաջատարն է:
Ի դեպ այս խորհրդարանը
չեմպիոնական է նաև իր ԱԺ արտոնություններով ու «կայֆերով», ինչպես նաև սեփական ընտրազանգվածից
կտրվածության մակարդակով։ Շեշտենք նաև, որ գործող օրենսդիրը միասնական է գլխավոր հարցում՝
իրենց «վոժդի» նկատմամբ վերաբերմունքում, ավելի կոնկրետ պաշտանմունքի հարցում:
Եվ վերջում, ինչպես
Չերչիլն էր սիրում ասել՝ «ժողովրդավարության
դեմ լավագույն փաստարկը միջին ընտրողի հետ հինգ րոպեանոց զրույցն է»:
Արմեն Հովասափյան









