Foto

Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաև մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտերի քաջարի զինվորներին:

Սիրելիներ, ազգիս դարավոր պատմությունը՝ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու, հաղթանակներ կերտելու բազում վկայություններով, մեզ պատգամ է մատուցում նույն ոգով դիմակայելու մեր ժողովրդի և հայրենիքի դեմ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության համար մղված պայքարները, որոնց նշանավորումն է այսօր, խորհրդանիշն են համազգային համախմբվածության ու միաբանության, որոնք առավել քան երբեք անհրաժեշտ են բարդագույն այս իրավիճակում, որպեսզի միասնաբար դիմագրավենք հառնած հիմնախնդիրներին և կերտենք վաղվա նոր օրը, լուսավոր ապագան և մեր նոր հաղթանակները։
Մեր աղոթքն է, որպեսզի խաղաղություն լինի աշխարհում ու մարդկության կյանքում, և հարուցյալ մեր Տերը Իր Ամենազոր Աջի հովանու ներքո շինության ու ապահովության մեջ պահի մեր Հայրենիքը և զորացնի համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին արիությամբ, հույսով ու հավատով, այժմ և միշտ. ամեն»։