Ժամը 12։00-ի դրությամբ Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 199 մասնակիցներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
Նշենք, որ մինչ այդ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ առավոտից Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակիցներ։
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտից Երևանի կենտրոնում անհնազանդության ակցիաներ են իրականացվում՝ քաղաքացիները փակում են փողոցները։ Ոստիկաններն ուժի կիրառմամբ ու բերման ենթարկելու միջոցով փորձում են վերականգնել երթևեկությունը։









