Foto

Զոհվածների ծնողների պահանջը դարձյալ չի բավարարվել․ քննիչը ծանրաբեռնված է

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ակցիաներն իրավապահ համակարգի դեմ։ Այսօր նրանք Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ են ու պահանջում են, որ հարուցված քրեական գործով իրենց ճանաչեն տուժող ու հնարավորություն տան այդ կարգավիճակով մասնակցել քննությանը։

«Երեկ դատախազության ներկայացուցիչը տուժողներին հայտնել էր, որ քննչական մարմինը սպասում է, որ կատարի քննչական գործողություններ, ճանաչի տուժողի իրավահաջորդ, որպեսզի իրավասություն ունենանք ներկայցնելու բողոքներ, միջնորդություններ ու կոնկրետ պահանջներ։ Այսօր մենք` տուժողների հետ միասին, ներկայացել ենք հահակոռուպցիոն կոմիտե, որպեսզի մեզ ներգրավեն որպես տուժող։ Պարոն Մինասյանը` վարչության պետը ( ՀԿ քննչական երրորդ վարչության պետ Արշալույս Մինասյան,-խմբ.), մեզ ասաց, որ իրեն դատախազության այդ հայտարարությունը հայտնի չէ, ինքը դրան տեղյակ չէ, ինքն այս պահին ծանրաբեռնված է ու չի պատրաստվում մեզ հետ որևէ քննչական գործողություն կատարել»,- լրագրողներին հայտնեց զոհված զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։

Վերջինս հայտնեց, որ այսօր իրենք դարձյալ գնալու են դատախազություն` նոր միջնորդություն պատրաստելու ու այն գլխավոր դատախազին հանձնելու համար։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։

Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։ Քրգործը նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։