Foto

ՀՀ տնտեսության կործանման թուրքական պրոյեկցիան

Մինչ ՀՀ իշխանությունները չեն թաքցնում իրենց անմնացորդ նվիրումը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, իսկ նրանց սպասարկուները քարոզում են այդ հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը մեր տնտեսության զարգացումների գործում, թուրքական ապրանքները վերստին արագորեն գրոհում են հայաստանյան շուկան։ Դա սկսվեց այն բանից հետո, երբ որպես հարաբերությունների հաստատման հերթական ժեստ՝ իշխանությունները հանեցին էմբարգոն։ Ավելին, էմբարգոյի վերացումից հետո թուրքական ապրանքների ներմուծումը անգամներով ավելացել է։

Պետք է արձանագրենք, որ էմբարգոն, որպես այդպիսին, գործեց ընդամենը մեկ տարի։ Իր թերություններով հանդերձ՝ այն նպաստեց, որպեսզի թուրքական ապրանքների հոսքը Հայաստան կրճատվի։ Խոսենք փաստերով, եթե 2020թ. պաշտոնական տվյալներով, Թուրքիայից ներմուծումը կազմել էր 231 մլն դոլար, էմբարգոյի կիրառումից հետո 2021թ. այն կազմել է 73 միլիոն, այլ կերպ ասած՝ ներմուծումը կրճատվել է 3,1 անգամ։ Հանուն արդարության պետք է նշենք, որ այլ երկրների անվան տակ որոշակի քանակությամբ թուրքական ապրանքներ ևս մտնում էին հայկական շուկա, բայց դրանով հանդերձ՝ ծավալները զգալիորեն պակասել էին։ Դա բերեց տեղական առանձին արտադրատեսակների արտադրության ակտիվացման։ Մարդիկ, հավատալով իշխանությունների այն հայտարարություններին, որ էմբարգոն շարունակվելու է, ներդրումներ կատարեցին և ընդլայնեցին արտադրության ծավալները։ Ի դեպ՝ էմբարգոն իր հերթին՝ օգնեց, որպեսզի տեղական արտադրանքը մրցունակ դառնա շուկայում։

Հավելենք, որ առանձին ոլորտներում անցած տարի ունեցանք արտադրության ու իրացման ծավալների բավական մեծ աճեր՝ առաջին հերթին՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելման արդյունքում։ Բայց այս տարի իրավիճակը վերստին փոխվել է։ Տեղական արտադրողները կրկին խնդիրների առաջ են՝ թուրքական ապրանքների ներմուծման ծավալների ավելացման հետևանքով։ Համեմատաբար էժան թուրքական ապրանքները շուկայից դուրս են թողնում տեղական արտադրողներին։ Դրա վկայությունն է նաև այդ ապրանքների ներմուծման ծավալների արագ ավելացումը։

Հետևելով պաշտոնական տվյալներին՝ պարզ է դառնում, որ այս տարվա առաջին 2 ամիսներին, այսինքն՝ էմբարգոյի վերացումից հետո, Հայաստան ներմուծված թուրքական ապրանքի հոսքը 4 անգամ ավելացել է։ Անցած տարի այն կազմել էր ընդամենը 5,6 մլն դոլար, արդեն այս տարի ծավալն անցնում է 22,9 միլիոնից։ Ի դեպ՝ կասկած չկա, որ առաջիկա ամիսներին այդ դինամիկան կշարունակի խորանալ։

Ի տարբերություն ներմուծման, ինչպես մինչև էմբարգոն, այնպես էլ՝ էմբարգոյի վերացումից հետո, նույնքան տխուր իրավիճակ է հայկական ապրանքների արտահանման պարագայում։ Անցած ամբողջ տարվա ընթացքում արտահանումը Թուրքիա կազմել էր ընդամենը 443 հազար դոլար։ Այս տարվա սկզբին էլ պատկերը նույնն է. արտահանումը գրեթե զրոյական է։ Ինչ վերաբերվում է այն տարվան, ապա հունվար-փետրվար ամիսներին ընդամենը 19-20 հազար դոլարի ապրանք է գնացել Հայաստանից Թուրքիա։ Նույնիսկ անիմաստ է համեմատել, թե ներմուծումը քանի անգամով է գերազանցում արտահանմանը։ Էմբարգոյի վերացումից հետո, մինչ թուրքական ապրանքների հոսքը Հայաստան մեծ տեմպերով վերականգնվում է, արտահանումը տեղից չի շարժվում։ Ակնհայտ է, որ դրանից հիմնականում տուժում է տեղական արտադրողը։ Հիմնական մրցունակության պատճառով այն աստիճանաբար տեղը զիջում է թուրքականին։ Մրցակցային խնդիրներն ավելի են սրվել հատկապես թուրքական արժույթի կտրուկ արժեզրկումից հետո։

Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր շուկայում նախկինում դժվար էր մրցակցել թուրքական ապրանքների հետ, հիմա մրցակցությունն էլ ավելի է դժվարացել։ Տեղական արտադրողներն արդեն խոսում են արտադրության ծավալներն էապես կրճատելու մասին, որոնք ավելացրել էին թուրքական ապրանքների ներկրման նկատմամբ կիրառվող արգելափակումներից ու իրականացված ներդրումներից հետո։ Բանն այն է, որ մարդիկ ներդրումներ են արել այն հույսով, որ էմբարգոն մի քանի տարի կպահպանվի, ինչը հնարավորություն կտա ամրացնել դիրքերը տեղական շուկայում, իսկ հիմա, փաստացի, հայտնվել են փաստի առաջ, երբ վերջին պահին իշխանությունները որոշում են իրենց խաղաղասիրական նկրտումները լրացնել թուրքական ապրանքների մուտքի արգելանքը վերացնելով։

Ըստ էության, նրանք, ովքեր հավատացել էին իշխանություններին ու ներդրումներ արել թուրքական ապրանքների փոխարինողների արտադրության, ինչո՞ւ չէ, նաև այլ երկրներից ներմուծումներ կազմակերպելու համար, հիմա ստիպված են հաշվել կորուստները։ Մի մասն էլ սկսել է մտածել սեփական արտադրությունը դադարեցնելու և ներմուծմամբ փոխարինելու մասին։ Հատկանշական է որ այս ամենը տեղի է ունենում, երբ դեռևս չեն բացվել սահմանները, և Հայաստանը Թուրքիայի հետ առնչվում է այլ երկրների միջոցով։ Միանշանակ է, որ սահմանի բացվելուց հետո թուրքական ապրանքների հոսքն ավելի կհեշտանա և ոչ միայն հոսքը կհեշտանա, այլև կնվազի ներմուծման ինքնարժեքը ։

Ամփոփելով նշենք, որ քիչ չեն մարդիկ, ոլորտի գիտակներ, ովքեր կարծում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն չի նպաստի, այլև կկործանի ՀՀ տնտեսությունը։

Արմեն Հովասափյան