Foto

Արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց․

Մեծարգո վարչապետ,

Հարգելի գործընկերներ,

Բարեբախտաբար, այսօր Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում: Դրա համար այն տեսակետը, որը ձևավորված է՝ որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող, ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել: Իհարկե, նաև ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն՝ հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի: Դա մենք բոլորս հասկանում ենք և այդ առումով հասկանում ենք նաև, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու:

Երկրորդը՝ անվտանգային բաղադրիչը, որն այսօր ամենակարևորն է: Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում արդեն ռուս խաղաղապահների, իհարկե, անմիջապես միջնորդությամբ կարծես թե կայունացել է, և այսօր հիմք և հնարավորություն է տալիս արդեն քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը:

Իսկ, ամենակարևորը, սոցիալ-տնտեսականն է այս փուլում. եթե չլինի մարդ Արցախում, ապա անիմաստ են դառնում քաղաքական պայքարը և նաև անվտանգության մասին խոսելը: Դրա համար ժողովրդագրությունը և սոցիալ-տնտեսական ծրագրերն այսօր նորից դառնում են կարևոր, ակտուալ, և այն ծրագրերը, որոնց սկիզբ է դրվել պատերազմից հետո, շարունակվում են: Եվ գտնում ենք, որ դրանք ոչ միայն պետք շարունակվեն, այլև այն հավակնոտ ծրագրերը, որ սկսել ենք, ավարտենք: Եվ մեր գլխավոր նպատակը, գլխավոր խնդիրն այս փուլում քաղաքական, անվտանգային, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական հարցերն են: Այս ամենում որևէ խնդիր չենք ունեցել: Բայց նաև կան հարցեր, որոնց մասով ակնկալում ենք այսօրվա քննարկման ժամանակ ստանալ պատասխաններ, որով պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը՝ այդ ծրագրերը շարունակելու առումով: Շնորհակալություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –

Պարոն նախագահ, շատ ճիշտ նկատեցիք, որ անվտանգությունն այսօր թիվ մեկ խնդիրն է, և պիտի արձանագրեմ, որ մեր մտահոգությունը՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել, և մենք, ինչպես բազմիցս ասել ենք և շարունակում ենք այդ դիրքորոշումն ունենալ՝ հույս հայտնելով, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց: Սա կարևոր խնդիր է, և կարծում եմ՝ նաև արցախցիների համար է կարևոր խնդիր՝ գնահատելու համար անվտանգության երաշխիքների այն համակարգը, որն այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում: Շնորհակալ եմ: