Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը CNN-ի եթերում միջուկային պատերազմի սպառնալիքի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերն անվանել է «միջուկային շանտաժ»։
«Մենք լսեցինք նրանց (Ռուսաստանի) հռետորաբանությունը: Մենք պատրաստ ենք զսպել միջուկային ագրեսիան Միացյալ Նահանգների դեմ, ինչպես դա եղել է տասնամյակներ շարունակ՝ սկսած Խորհրդային Միության ժամանակներից: Մենք չենք տրվի միջուկային շանտաժին»,- նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկացի դիվանագետը Մոսկվային մեղադրել է հռետորաբանության անպատասխանատու սրման մեջ և ընդգծել, որ Վաշինգտոնը չի ներքաշվի լեզվակռվի մեջ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, այն կլինի միջուկային և շատ կործանարար։ Նա նաև նշել էր, որ միջուկային պատերազմի անթույլատրելիությունը Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն է։









