Foto

«Բոհեմական» ուժային կառույցը

Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես է ԱԱԾ-ն սերիալային պարբերականությամբ հրապարակում տեղեկություններ պետական դավաճանության այս կամ այն գործով անցնող մեղադրյալի վերաբերյալ, ներկայացնում է սուր զգացողություններ հաղորդող մանրամասներ, թե ինչպես է այդ անձը ծածկանուն ստացել, կամ որքան գումարի դիմաց է թշնամուն փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները։ Ճիշտ հասկացեք, խնդիրը, իհարկե, ԱԱԾ-ի նման հաղորդագրությունների բովանդակությունը չէ, եթե տեղի է ունեցել պետական  դավաճանություն, ապա դրա բոլոր մասնակիցները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Ցավալին այն է ու ավելի խնդրահարույց, որ նման գործելակերպով ԱԱԾ-ն ներքաշվում է իշխանական քարոզչության մեջ, քանի որ ակնհայտ է՝ խնդիր է դրված նաև այսպիսի բացահայտումներով լղոզել պատերազմում պարտության մեղքը, լեյտմոտիվն էլ պրիմիտիվ է գռեհկության աստիճանի՝ «այսքան դավաճան ունեցող երկիրը չէր կարող չպարտվել պատերազմում»։

Տեղի ունեցող այս գործընթացների ընդհանուր  ֆոնին պետք է փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ-ին նման քարոզչական հանձնարարականներ տալով, ոչ միայն հեղինակազրկում է այդ կառույցը, այլև դնում է չափազանց բարդ իրավիճակում, որն իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում կարող է բումերանգի պես հարվածել անձամբ իրեն։ Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո և մինչև օրս հասարակության եթե ոչ՝ գերակշիռ, ապա՝ զգալի հատվածի մոտ կա իշխանության, անձամբ Փաշինյանի դավաճանության մասին կասկած։ Հենց այստեղից էլ հաջորդ տրամաբանական պնդումը, որ քանի դեռ այդ կասկածը հիմնավորապես, ապացույցներով չի փարատվել, այն լինելու է լեգիտիմ։ Եվ ամեն անգամ, երբ ԱԱԾ-ն հերթական «շարքային դավաճանի բացահայտման» մասին տեսահոլովակ է հրապարակում՝ հասարակության մեջ արթնացնում է Նիկոլի դավաճանության մասին կասկածը։ Արդյունքում, մեծ հավանականությամբ, հանրային հոգեբանության վրա ազդում է ոչ թե «այսքան դավաճան ունեցող երկիրը չէր կարող չպարտվել պատերազմում» իշխանական նարատիվը, այլ «գլխավոր դավաճանին թողած, ընկել եք մանր դավաճանների հետևից» համոզմունքը։

Ցանկացած նորմալ իրավական երկրում անվտանգության հարցերի պատասխանատու ծառայությունը, հավատարիմ լինելով իր կոչմանն ու առաքելությանը, համապատասխան քրեական գործի շրջանակներում պետք է առնվազն հարցաքններ Փաշինյանին և նրա դավաճանությունը հերքելու մասին հրապարակային ապացույցներ ներկայացներ։ Եթե անկեղծ ասեմ, դա առաջին հերթին կբխեր հենց նույն Փաշինյանի ու պետության շահերից, քանի որ, մեղմ ասած, հաճելի չէ, երբ երկիրը ղեկավարում է մարդ, ում հանրության որոշակի հատված կասկածում է դավաճանության մեջ։ Բայց այդ հարցաքննությունը տեղի չի ունեցել, ինչից կարելի է ենթադրել, որ դրա արդյունքները կարող են նաև չբխել Նիկոլի շահերից և չփարատել նրա դավաճանության մասին կասկածները։ Եվ քանի դեռ  դա տեղի չի ունեցել, ԱԱԾ-ն շարունակելու է թատերական խմբակի անդամի սիրողական մակարդակի դետեկտիվ տեսանյութեր նկարահանել՝ մեծ դավաճանության մասին մարդկանց մտքերը շեղելով փոքր դավաճանության մասին տեսարաններով։

Արմեն Հովասափյան