Foto

Փրկել շարքային Նիկոլին


Փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի իր աթոռը և ընդդիմադիր սեկտորի կողմից իրականացված ցանկացած գործընթաց, փորձում է վիժեցնել տեղում։ Այս օրերին ականատես ենք լինում ասվածի դասական «էկրանիզացմանը»։ Օրերս Արսեն Թորոսյանը նշել է, թե «ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով»։ Հենց սա այն հիմնական քարոզչական բլեֆն է, որ այս օրերին ամենուր պրոպագանդում են իշխանական քարոզիչները՝ ընդդիմության գործողությունները որպես պատերազմի սպառնալիք որակելով։ Միանշանակ է, որ Թորոսյանի շուրթերով, իհարկե, խոսում է Նիկոլ Փաշինյանը, որը պետք է վտանգավոր համարել։

Ըստ էության, խնդիրն այն է, որ իրականում Փաշինյանը ոչ թե զգուշացնում է ընդդիմության գործողությունների հետևանքով պատերազմի վտանգի մասին, այլ անուղղակիորեն սպառնում է հանրությանը՝ եթե մասնակցեք ընդդիմության ակցիաներին, կստանաք պատերազմ։ Իհարկե հասկանալի է, որ Նիկոլն ինքը չի հրահրելու պատերազմ՝ հանուն իշխանության պահպանման։ Ճիշտ հակառակը՝ պատերազմ կարող է սանձազերծել Ադրբեջանը՝ կրկին նույն նպատակով՝ ՀՀ-ում Փաշինյանի իշխանության պահպանման համար։ Պատահական չէ, որ Հայաստանի ընդդիմության գործողությունների և պատերազմի միջև կապի մասին խոսում է երկու սուբյեկտ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և Իլհամ Ալիևը։ Որովհետև երկուսն էլ հայկական ընդդիմությունից ընդհանուր պաշտպանության առարկա ունեն՝ Փաշինյանի իշխանությունը:

Փաստ է, որ Փաշինյանի համար սեփական իշխանությունը թանկ է ամենայնից, և նա բազմիցս ապացուցել է, որ հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ պատերազմի։ Իսկ Ալիևին Նիկոլի իշխանությունն օդ ու ջրի պես անհրաժեշտ է սեփական նպատակները մինչև վերջ հասցնելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին համաձայնագիր ստորագրելու համար։ Հետևաբար՝ երկուսն էլ վտանգ են զգում հայաստանյան ընդդիմության գործողություններից, և երկուսն էլ սպառնում են նույն վտանգով՝ պատերազմով։

Յուրաքանչյուր տրամաբանող քաղաքացու մոտ հարց է առաջանում՝ որտեղի՞ց Փաշինյանին և նրա քարոզչական սպասարկուներին այդքան վստահություն, որ հայկական ընդդիմությունն ուզում է պատերազմ, ո՞վ է նրանց պատերազմի երաշխիք տվել։ Նույն տրամաբանությունն ասում է, որ նման վստահություն կարող են հաղորդել միայն «ադրբեջանցի գործընկերները»։ Այսինքն, եթե հայկական ընդդիմության գործողությունները թափ հավաքեն և իրական սպառնալիք դառնան Նիկոլ Փաշինյանի համար, Ալիևը կարող է «կազմակերպել պատերազմ»՝ բողոքի ալիքը ցրելու և փաշինյանական իշխանությանն ուղղված վտանգները չեզոքացնելու համար։

Այս ամենը համադրելով՝ բնական է, որ առողջ բանականության համար անհավանական թվացող այս սցենարն ավելի քան իրատեսական է՝ հաշվի առնելով մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի «կառուցողականությունն» ու խաղաղության մտասևեռումը, մյուս կողմից՝ նրա իսկ իշխանության կարևորությունն Ալիևի համար։ Իսկ դա նշանակում է, որ պատերազմի համար, որով Փաշինյանը վախեցնում է ՀՀ քաղաքացիներին, բավարար է ընդամենը մեկ հեռախոսազանգ ինտելիգենտ Ալիևին։

Արմեն Հովասափյան