Foto

Լիցեմերը և հայ իրականությունը

Հավանաբար քչերը գիտեն, որ պետությունների տնտեսական ինքնիշխանության խնդիրներով զբաղվող գիտնականների շրջանում տարածված է «կազմակերպված կեղծավորություն» հասկացությունը, որով ցույց է տրվում, որ գլոբալացված աշխարհում տնտեսական ինքնիշխանության մասին հռչակումներն իրականում կազմակերպված կեղծավորության արտահայտություն են, որով զբաղվում են քաղաքական ուժերն ու իշխանությունները։ Հաշվի առնելով կեղծավորության անսահմանորեն մեծ չափաբաժինը հայկական իրականության մեջ` այդ եզրույթը բավական ակտիվ կիրառվում է նաև ՀՀ իշխանության կողմից, առավել ևս ու հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի գործունեության պարագայում։

Եթե լինեմ ավելի անկեղծ, ապա լայն իմաստով կեղծավորությունը Փաշինյանի քաղաքականության հիմնասյունն է, անկյունաքարը, նրա խոսքում ու գործում կեղծիքը բազմապատիկ ավելի շատ է, քան ճշմարտությունը։

Ինչպես հայտնի է՝ տարվա մեջ կան օրեր՝ տոնական և հիշատակի արարողություններ, երբ կազմակերպված կեղծավորությունը պաշտոնյաների շուրթերից, հայտարարություններից, եթերից ու մամուլի էջերից հորդում է շատ ավելի մեծ չափաբաժիններով, քան սովորական պայմաններում։ Այդ շարքում առանձնահատուկ է ապրիլի 24-ի խորհուրդը․ ինչպես սովորաբար ընդունված է, Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ մինչ այդ մի լալահառաչ ուղերձ էր հրապարակել Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև խոնարհվելու վերաբերյալ։ Ցավով ու խորը հիասթափությամբ պետք է արձանագրենք, որ ապրիլի 24-ին, առավել քան երբևէ, իշխանությունների խոնարհումն ու հարգանքի տուրքը լինելու է դասական կեղծավորություն։ Հետևելով օրվա իշխանության դրսևորած քաղաքական կուրսին՝ ակնհայտ է, որ նրանք հարգելու են ցեղասպանության զոհերի հիշատակը՝ միաժամանակ անարգելով այն, այլ բնորոշմամբ՝ դա լինելու է գռեհկության աստիճանի ցինիզմի դրսևորում։

Ըստ էության, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «խաղաղության դարաշրջան» բացող Նիկոլի համար Ապրիլի 24-ը և Հայոց ցեղասպանությունն ամենամեծ խոչընդոտներն են։ Դույզն ինչ կասկած չունեմ, որ նա ամեն ինչ կտար, որպեսզի այդ օրն օրացույցից հաներ և այն փոխարիներ հերթական մառազմատիկ օրով։ Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել ու քանի դեռ Էրդողանը՝ բարեհաճ գտնվելով, դեմ չէ, որ նա այցելի Ծիծեռնակաբերդ, Նիկոլը ստիպված է լինելու մասնակցել այդ ծեսին՝ փորձելով սեփական ուրացումը քաղաքացիներին վաճառել հուզիչ տեսարաններով։

Արմեն Հովասափյան