Անցած շաբաթ կառավարության
գործունեության ծրագրի կատարողականը ներկայացնելիս՝ Նիկոլ Փաշինյանն, ի թիվս այլ ձեռքբերումների, առանձին շեշտեց մակրոտնտեսական
կայունության ապահովման փաստը։ Ըստ էության, Փաշինյանը շրջանցեց այն
փաստը, թե դա ինչի հաշվին է եղել. մակրոտնտեսական կայունության ապահովումը, եթե կարելի
է այդպես ասել, պետության վրա նստել է 1 մլրդ 257 մլն դոլար։ Փաստենք, որ հենց այդքան
գումարով կառավարությունն անցած տարի ավելացրել է պետական պարտքը։ Այստեղ կարող ենք
արձանագրել, որ եթե նման կերպ պետք է ապահովվի մակրոտնտեսական կայունությունը, ապա
դա բոլորովին էլ ձեռքբերում չէ։
Այսօր արդեն կայացած փաստ
է այն, որ մեկ տարում կառավարությունը պետական պարտքը համալրել է գրեթե 16 տոկոսով,
բայց նույնիսկ այդ պայմաններում մեր տնտեսությունը չի կարողացել վերականգնվել։ Նախորդ
տարվա 7,4 տոկոս անկումից հետո ընդամենը 5,7 տոկոս աճ է ապահովվել, փաստենք, որ տնտեսության
աճի տեմպը 3 անգամ ավելի ցածր է եղել, քան պարտքինը։ Բացի դրանից կառավարությանը չի
հաջողվել վերականգնել տնտեսության այն կորուստները, որոնք ունեցանք նախորդ ճգնաժամային
տարում։ Մինչդեռ, շատ երկրներ ոչ միայն հետ բերեցին կորուստները, այլև մտան զարգացման
փուլ։
Ի դեպ տեղին է ընդգծել,
որ հարևան Վրաստանում կրկնակի ավելի բարձր տնտեսական աճ արձանագրվեց, քան մեզ մոտ,
չնայած Վրաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկը համավարակի հետևանքով անհամեմատ
ավելի շատ էր տուժել։ Վրաստանում տնտեսական աճը 10,6 տոկոս էր, Հայաստանում՝ ընդամենը
5,7 տոկոս։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, որ եթե սա ձեռքբերում է, ապա ո՞րն
է ձախողումը։
Մի փոքր մեջբերում Փաշինյանի
խոսքից. «Հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ է իրականացվել՝
տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ
երբեք չի եղել: 2021-ի կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր
3-րդ հանրապետության պատմության մեջ՝ 217, 8 մլրդ դրամ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Ակնհայտ է, որ Փաշինյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը, քանի որ անցած տարի
իրականացված կապիտալ ծախսերն ամենևին էլ աննախադեպ չէին։ Պատմության մեջ շատ ավելի
բարձր կապիտալ ծախսեր են կատարվել, և դա եղել է ոչ թե վերջին չորս տարիներին, այլ դրանից
առաջ՝ նախկին իշխանությունների օրոք։
Հատուկ օրվա իշխանավորների
համար փաստենք, որ, ըստ էության, կապիտալ ծախսերի աննախադեպ
ցուցանիշ է արձանագրվել 2017թ., երբ Նիկոլ Փաշինյանը հավանաբար դեռ լավ չէր էլ պատկերացնում,
թե ինչ դեր ունեն տնտեսության համար կապիտալ ծախսերը։ Այդ տարի ի սկզբանե պլանավորվածի
համեմատ՝ կապիտալ ծախսերը գերակատարվեցին գրեթե 2,4 անգամով՝ գերազանցելով 237 միլիարդը։
Հասանք ամենաառանցքային հատվածին, թե Փաշինյանի
ու նրա վարչախմբի կողմից այդպես լալահառաչ տեքստերից ու հրապարակած ցուցանիշներից հետո,
որոնք նաև բուռն և երկարատև ծափահարությունների արժանացան, ի՞նչ է ստացել կառավարության
ծրագրի կատարումից հասարակությունը։ Փաստն այն է, որ կառավարության անցած
տարվա գործունեության արդյունքում ՀՀ անվտանգության մակարդակն ու սահմաններն ավելի
պաշտպանված չեն դարձել, քան մեկ տարի առաջ էին, խնդիրներն ու մտահոգություններն այսօր
էլ շարունակում են պահպանվել, փաստացի, չի բարելավվել նաև մարդկանց
կյանքը։ Բարձր գնաճի ու եկամուտների դանդաղ աճի հետևանքով երկրում մի բան էլ խորացել
է աղքատությունը։
Միանշանակ է, որ ինչքան
էլ իշխող ռեժիմը հայտարարի, որ գնաճը համաշխարհային երևույթ է, միևնույն է, դրանից
կառավարության խնդիրները չեն նվազում։ Կառավարության պարտքն է՝ մտածել գնաճի հետևանքներից
մարդկանց պաշտպանելու, նրանց սոցիալական վիճակը թեթևացնելու մասին։ Բայց ի՞նչ է արել
կառավարությունը. ո՛չ ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների աշխատավարձն է բարձրացրել,
ո՛չ էլ առավել ևս՝ թոշակներն ու նպաստները։ Զարմանալի չէ, որ աղքատացել են՝ ինչպես
չաշխատողները, այնպես էլ՝ աշխատողները, եթե նույնիսկ աշխատավարձի ինչ-որ հավելում եղել
է, ապա դա ամբողջությամբ տարել է գնաճը։
Իրականություն է այն,
որ ՀՀ-ում գնաճն անցած տարի կազմել է 7,2 տոկոս, իսկ սննդամթերքի թանկացումը հասավ
13 տոկոսի։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների գնաճը հաշվվում էր տասնյակ,
երբեմն՝ անգամ հարյուրավոր տոկոսներով։ Ու այս պայմաններում կառավարությունը մատը-մատին
չխփեց նույնիսկ սոցիալապես անապահովների եկամուտներն ինչ-որ չափով ավելացնելու ու այդ
ճանապարհով գնաճի հետևանքները մեղմելու համար։ Այսքանից հետո ինչ էլ ասի կառավարությունը,
ինչ ձեռքբերումներ ու հաջողություններ էլ ներկայացնի, դրանք լինելու են դատարկ խոսակցություններ,
որոնք ոչինչ չեն տվել հասարակությանը։ Եվ դրա լավագույն վկայությունն արտագաղթի այն
բարձր ալիքն էր, որին այս կառավարության անցած տարվա գործունեության արդյունքում բախվեց
երկիրը։
Ամփոփելով հավելենք, որ
չպետք է մոռանալ նաև, որ սա այն իշխանությունն է, որը 4 տարի առաջ մարդկանց պայծառ
ապագա էր խոստանում ու մեծ հայրենադարձություն։
Արմեն Հովասափյան









