Նախորդ շաբաթ պառլամենտում իր մետամորֆոզների
և աղմկահարույց հայտարարությունների շարքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային
հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
ավելին՝ անգամ իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։ Իր իսկ ձևակերպմամբ՝
«միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով
չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ոչ միայն
վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար»։
Զուգադիպություն էր, թե
զուտ ճակատագրի հեգնանք, բայց Փաշինյանին սինխրոն Բաքվում Արցախի ադրբեջանական կարգավիճակից
էր խոսել նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, թե «որքան շուտ արցախցիները հասկանան, որ ապրելու
են ադրբեջանական դրոշի ներքո, այնքան լավ նրանց համար»։ Այսպիսով, փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ
առանց այլևայլության, գրեթե բաց տեքստով, Փաշինյանն ու Ալիևը բացում են Արցախի ապագայի
հետ կապված բոլոր խաղաքարտերը։
Ըստ էության, դեռևս անհայտ է, և ոչ
ոք չգիտի, թե այդ ի՞նչ միջազգային հանրության և ի՞նչ ռեկոմենդացիաների է հղում անում Փաշինյանը:
Կարող ենք ենթադրել, որ դա հայտնի է միայն իրեն, սակայն կարելի է հիշել բաց աղբյուրներում
դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմից հետո նույն Ալիևի բողոքները՝ այն հայտնի
դիտարկումը, թե «փակ դռների հետևում Ադրբեջանին ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի
անկախությունը»։ Բոլորս ենք հիշում այն հայտնի ձևակերպումը, երբ նա ասել էր. «Արևմտյան լրատվամիջոցների
և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից մեր դեմ իրականացվող զրպարտանքի արշավի
նպատակն է՝ ստիպել մեզ ճանաչել ԼՂ անկախությունը»։ Այսօր, ցավոք, ունենք մի իրավիճակ, երբ այդ,
այսպես կոչված, միջազգային ճնշումների ու պարտադրանքի մասին բաց տեքստով խոսում է Նիկոլը։
Գաղտնիք չէ, որ, Փաշինյանը,
այսպես կոչված, հեղափոխությունից հետո բանակցային գործընթացի հիմքում դրված հայկական
կողմի շեշտադրումները, տրամաբանությունը փորձեց փոխել, սկսել իբրև թե իր կետից, որից
հետո գոնե ակնհայտորեն ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության հայտարարություններից հայամետ թեզերը
դուրս մղվեցին, որոնք վերաբերում էին Արցախի ինքնորոշման իրավունքին, ինչն այս իշխանությունները
յուրովի են մեկնաբանում։ Այնուամենայնիվ, այսպես կոչված, միջազգային հանրության դիրքորոշումն
ավելի հայամետ էր, քան այս իշխանությունների դեպքում, քանի որ այս իշխանություններն
ինքնակամ փոխեցին ՀՀ բոլոր դիրքորոշումներն ու դիվանագիտական տեքստերը։ Ուստի անհասկանալի
է, թե ինչում են միջազգային հանրությանը մեղադրում ՀՀ իշխանությունները, եթե իրենք
անձամբ զիջել են ՀՀ-ի համար նպաստավոր դիվանագիտական դիրքերը, ինքնորոշման իրավունքը
հանել են տեքստերից, Վիեննայի պայմանավորվածությունները փոխարինել անհասկանալի Դուշանբեի
պայմանավորվածություններով։
Ընդհանուր այս ստեղծված
իրավիճակում նախ Հայաստանը պետք է ձևակերպեր ու իր քայլերով աջակցեր Արցախի անկախության
ճանաչման գաղափարին, որի մասին խոսել է նույնիսկ ՌԴ նախագահը։ Փաստացի, մենք տեսանք, որ ՀՀ-ն
դա չարեց ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ դրանից հետո, ուստի
ավելորդ ակնկալիքներ չպետք է լինեն ո՛չ դաշնակիցներից, ո՛չ էլ այլ երկրներից։
Տրամաբանական է նաև այն,
որ միջազգային հանրությունը, որը հստակորեն պարզ էլ չէ, թե իրականում ով է, ցանկանում
է, որ խնդիրները լուծվեն, և, բնականաբար, պատերազմ հաղթողի դիրքերը պատերազմից հետո
ամուր են, հենց այդ պատճառով Ադրբեջանը շտապում է, ուստի միջազգային հանրությունը կամ
առանձին երկրներ կարող են հանդես գալ առաջարկներով, խորհուրդներով, սակայն գլխավորը
բանակցող կողմի դիրքորոշումն է, ինչպես նաև նրա վճռականությունն ու հաստատակամությունը։
Արմեն Հովասափյան









