Foto

Տոնոյանն ուզում է իշխանությանն ասել, որ կխոսի՞

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»:

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Շարունակելի...»։

ՊՆ նախկին նախարարը, ումից հանրությունն ամենաշատն էր պարազաբանումներ ակնկալում 44 օրյա պատերազմի ողբերգական արդունքների մասով, առաջին անգամ խոսել է դրանց բացերից ընդամենը մեկի և երևի ամենաանմեղի մասին։  Իհարկե ամենաանմեղ այն իմաստով, որ դրանից ավելի մեծ ստեր են եղել՝ օրինակ հոկտեմբերի 19-ին՝ առանց Շուշին հանձնելու պատերազմը կանգնեցնելը, չկրակելու կամ նահանջի հրամանները և այլն։ Այլ պարագայում Փաշինյանը մեկ անգամ չէ, որ ասել է, թե գիտեին սպասվող հարձակման մասին, ուստի սաղավարտ ու զրահաբաճկոն չունենալու խնդիրը պետք էր լուծել այնպես, որ դա կյանքեր չարժենար։

Մյուս կողմից  Տոնոյանը լռում էր բոլոր այն դեպքերում, որոնք ավելի են վնասել պետությանն ու պետականությանը։ Զինվորական ղեկավարը հանդուրժում էր, երբ հայտարարում էին, որ բանակն է մեղավոր, որ զինվորն ու սապան են մեղավոր, որ լավ չեն կռվել, որ գեներալները փախել են, գերի են հանձնվել և այլն։ Տոնոյանը լռեց այն ժամանակ, երբ Գլխավոր շտաբն իր գեներալներով միացան Օնիկ Գասպարյանին և հայտարարություն տարածեցին, որն էլ Փաշինյանը որակեց «ռազմական հեղաշրջման փորձ»։ Այս հայտարարաությամբ Տոնոյանն ուզում է իշխանությանն ասել, որ կխոսի՞, թե՞ խոսելու համար սպասում էր հարմար առիթի։ Իհարկե, Փաշինյանի ԱԺ ելույթները զայրացրել և հունից հանել են շատերին, ընդդիմությունը սկսել է պայքարի նոր փուլ, Արցախն ակնհայտ անհամաձայնություն է հայտնում  ՀՀ իշխանությանը։  Պահը հարմար է, ինչ խոսք, բայց նման առիթներ շատ են եղել։ Հավանաբար՝ Տոնոյանն իշխանությունից հստակ սպասելիքներ ուներ, որը լռության գինն էր, սակայն նա էլ է հասկացել, որ Փաշինյանը խաղում  է միայն  իրեն հարմար կանոններով՝ սովորականի պես զոհաբերելով նույնիսկ  յուրայիններին։

Հեղինակ: Աննա Ավետիսյան