Foto

Բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակով

Կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի 2121-Ն որոշման մեջ և գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ որոշմամբ առաջարկվում է 2022թ. մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 750.192.000 դրամ գումար: Նա նշել է, որ առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է ՀՀ-ում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում, և հատկացվող գումարը կուղղվի մրցաշարի շրջանակում բրենդավորման և այլ անհրաժեշտ ծախսերին, գովազդային, տպագրական և սոցիալական ցանցերում առաջխաղացմանը, բացման հանդիսավոր արարողության և այլ միջոցառումների կազմակերպմանը: Որոշվել է գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը, ինչպես նաև աշխատանքի ծավալը: Առաջնությունը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրում, մասնակցելու է 40 երկրից շուրջ 400 ներկայացուցիչ՝ 280 մարզիկ և նրանց ուղեկցող անձնակազմ պատվիրակներ: Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում կներկայացվի Կառավարության որոշման ևս մեկ նախագիծ՝ կազմակերպչական այլ ծախսերի մասով:

Վարչապետ Փաշինյանը որոշման առնչությամբ ասել է. «Այս տարի Հայաստանում 2 խոշոր միջազգային միջոցառում ունենք՝ մեկը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն է, մյուսը՝ Մանկական եվրատեսիլի մրցույթը, և տրամադրված ենք այս միջոցառումներն իրականացնել հնարավորինս ամենաբարձր մակարդակով: Պարոն Դումանյանը նշեց, որ ընտրվել է ընկերություն: Պետք է արձանագրել, որ ճիշտ է, գնման ընթացակարգերը տեղի են ունեցել մեկ անձից գնման եղանակով, բայց տեղյակ եմ, որ 6 ընկերությունների իրականացվել է գնային հարցում, որոնցից 3-ը դիմել են իրենց առաջարկներով, և հանձնաժողովի քննարկման արդյունքում ընտրվել է իրականացնողը: Պետք է արձանագրենք, որ իսկապես շատ կարևոր ստուգատես է Հայաստանի համար»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զեկուցել է կազմակերպչական աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով. «Պարոն վարչապետ, Ձեր որոշմամբ ստեղծված միջգերատեսչական խումբը պարբերաբար նիստեր է գումարում, և այս պահի դրությամբ բոլոր ուղղություններով որոշումները կայացված են, աշխատանքները տարվում են: Միջոցառման կազմակերպման հետ կապված խնդիրներ չենք ունենալու, այս պահի դրությամբ սպասում ենք մինչև 40 երկրի և ավելի քան 200 մարզիկի մասնակցություն: Պետք է ասեմ, որ նախորդ հատկացումներով Մարզահամերգային համալիրում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են տարվում: Մարտի վերջին մենք նաև պատվիրակություն ենք ունեցել բռնցքամարտի Եվրոպայի ֆեդերացիայից, և պետք է ասեմ, որ նրանք գոհունակությամբ են հեռացել Հայաստանից, այսինքն՝ աշխատանքները պատշաճ կերպով ընդունել են: Մենք սպասում ենք մարզիկներին ժամանմանը, և լավագույնս կանցկացնենք առաջնությունը:

Բացի Ձեր նշած 2 միջոցառումից, համալիրում Հայաստանի համար նորություն է լինելու կենսաբանության միջազգային օլիմպիադան՝ մենք չենք անցկացրել նման կարգի դպրոցական առաջնություն, և սեպտեմբերին «STARMUS» գիտության և երաժշտության փառատոնը: Երեկ քննարկում ենք ունեցել, և կազմակերպիչները գոհ էին՝ տեսնելով համալիրում ընթացող վերանորոգման աշխատանքները: Սա բավական լավ սկիզբ է՝ հաջորդ տարիներին արդեն միջազգային մրցաշարեր ընդունելու համար: Տեղեկացնեմ Ձեզ, որ քննարկումներ կան, մենք ընդունել ենք ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարությանը և հայտ ենք ներկայացրել՝ հաջորդ տարի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ՀՀ-ում՝ Երևան քաղաքում անցկացնելու համար: Ընդհանուր լավ ընկալում կա, և ամենայն հավանականությամբ մեր այդ հայտը կբավարարվի»:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու հայտը կբավարարվի և ընդգծել. «Մեր քաղաքականությունն այն է, որ այո, մենք պետք է փորձենք ավելի հաճախ, պարբերաբար միջազգային մակարդակի մրցումներ անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Դա կարևոր է մի քանի առումներով: Առաջինը՝ ոչ միայն զանգվածային սպորտի խթանման, այլև Հայաստանի միջազգային իմիջի, տուրիստական հոսքերի խթանման առումով: Իհարկե, այդ համատեքստում մենք լրջագույն ենթակառուցվածքային ներդրումներ ենք անում պետական գույք հանդիսացող կառույցներում, տվյալ դեպքում՝ Մարզահամերգային համալիրում: Եվ կարծում եմ, որ այս ուղղությամբ շարժվելը ճիշտ է, որովհետև սա լրացուցիչ իր հետ բերելու է նաև տնտեսական էֆեկտներ:

Եվս մեկ հանգամանք՝ պարզ է, որ հիմնական ենթակառուցվածքները Երևանում են, բայց հաշվի առնելով, որ մի շարք այլ ծրագրեր ենք իրականացնում, հետագայում պետք է մտածել միջազգային մրցաշարերը հնարավորինս մարզեր տանելու ուղղությամբ: Հիմա Գյումրիում մեծ ներդրում է արվում, և որքան հիշում եմ, Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը կառուցվում է այնպես, որ այնտեղ հնարավոր է նաև միջազգային մակարդակի մրցաշարեր իրականացնել: Եվ այսպես շարունակ: Սա շատ կարևոր է, և ներդրումային ծրագրերն իրականացնելիս այս հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել, որովհետև երբ ասում ենք տարածքային համաչափ զարգացում՝ դա միայն ճանապարհը չէ: Դա նաև նշանակում է մարզական, կրթական, զբոսաշրջային, բիզնես ենթակառուցվածքներ, և այս ուղղությամբ պետք է հետևողականորեն առաջ շարժվենք»:

Ամփոփելով նիստը՝ երկրի վարչապետը նշել է, որ Արմեն Փամբուխչյանը Կառավարության նիստին առաջին անգամ է մասնակցում որպես Արտակարգ իրավիճակների նախարար, շնորհավորել նրան և հաջողություն մաղթել: