Հաշվի առնելով երեկվա և այսօրվա վարչապետի ելույթները ԱԺ-ում՝
մի շարք քաղաքագետներ և քաղաքացիներ առաջարկում են, որ խորհրդարանական ընդդիմությունը
մանդատները վայր դնի։ Vesti.am սահմանադրագետ
Վահե Գրիգորյանի հետ խոսել է դրա իրավական
հնարավոր հետևանքների մասին։
-
Պարո՛ն Գրիգորյան,
ի՞նչ իրավական գործընթաց կլինի, եթե ընդդիմադիրները մանդատները վայր դնեն։ Արդյո՞ք
խորհրդարանը կլուծարվի։
-
Նման դեպքում առաջանում է քաղաքական որոշակի ճգնաժամ, ինչը որևէ
իրավական և փաստական հետևանքի կարող է չբերել, որովհետև Սահմանադրության համաձայն՝
ԱԺ արձակման համար ընդդիմության բացակայությունը հիմք չէ։ Հետևաբար մանդատները վայր դնելը որևէ իրավական հետևանքի չի հանգեցնելու։
-
Սահմանադրորեն
մենք ժողովրդավար պետություն ենք, այստեղ ընդդիմություն չունենալը, թեկուզ ՍԴ դիմելու
հնարավորության բացակայությունը իրավական որևէ հակասություն չունի՞։
-
Այս ընդդիմությունը ՍԴ ամենաշատ դիմած և ամենաշատ հաղթանակներ
արձանագրած ուժ է։ Ցավոք սրտի, իշխանությունը խորհրդարանում ունի օրենքներ ընդունելու
մենաշնորհ, այսինքն՝ ընդդիմությունն օրենքների ընդունման ժամանակ չի կարող անել ավելին,
քան ելույթներ ունենալ և տեղեկացնելհնարավոր վտանգների մասին։ Բնականաբար ԱԺ-ից դուրս
էլ կարող է դրանց սահմանդրականությունը վիճարկել և վերջ։ Բայց հանուն արդարության նշեմ,
որ ամեն օրենք չէ որ հակասահմանադրական է, թեև այս իշխանությունը հակասահմանադրական
օրենքների նախագծերով թերևս առաջատարն է ՀՀ ամբողջ պատմության բոլոր ղեկավարիներն միասին
վերցրած և դրանք առանձին հաշված։
-
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ԱԺ-ում ընդդիմությունը
պետք է ներկայացված լինի 30 տոկոսով։ Այս առումով
Ընտրական օրենսգրքի հետ հակասություն չի առաջանո՞ւմ։
-
Իսկ ընտրական օերնսգիրքը գրողներն ինչո՞ւ չեն նախատեսել, թե
ի՞նչ է լինում, երբ այդ 30 տոկոսը չի լինում։ ԱԺ լիազրությունները սահմանված են ՀՀ
Սահմանադրությամբ, որն ունի բարձրագույն իրավական ուժ։ Եվ անգամ Ընտրական օրենսգրքի
հետ հակասության պայմաններում միանշանակ կիրառվելու է Սահմանադրությունը։ Դիտարկենք
իրավիճակը հակառակ կողմից՝ պատկերացնենք, որ ՀՀ-ում կա շատ լավ իշխանություն, ենթադրենք,
և ընդդիմությունն անընդհատ վայր է դնում մանդատները, որ անընդհատ կազմալուծի Ազգային
ժողովի աշխատանքը։ Դա խելացնորության կանխավարկածից է և հղի է մեր երկիրն ամբողջական
կազմալուծման տանելու վտանգով։









