Foto

Գործ ունենք աշխարհաքաղաքական վերադասավորման հետ

Գաղտնիք չէ, որ վերջին մի քանի օրերի քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումն է՝ իր հետ փոխկապակցված մի շարք խորքային ու զգայուն խնդիրներով։ Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում Արցախում վերջին շաբաթներին շարունակվող խիստ լարված ռազմական և հումանիտար մթնոլորտի ֆոնին: Հավելենք, որ այս հանդիպմանը նախորդել էին բուռն աշխարհաքաղաքական զարգացումներ եվրասիական մայրցամաքում, հատկապես հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ կապված։ Հարկ է ընդգծել, որ այս ընթացքում ակտիվացել է նաև դիվանագիտական գործընթացը Երևանի և հավաքական Արևմուտքի՝ Բրյուսելի, Փարիզի, Վաշինգտոնի, ՆԱՏՕ-ի, անգամ Թուրքիայի միջև:

Կարևոր է նշել, որ բրյուսելյան հանդիպմանը կհաջորդի Փաշինյանի այցը Ռուսաստան։ Բավականին հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ուկրաինական պատերազմի ընթացքում Արցախի բարդ հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը Արևմուտքի մոտ չի պակասում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Արևմուտքը փորձում է ամեն գնով արմատներ գցել մեր տարածաշրջանում, ու սա արվում է հենց ուկրաինական կոմպանիայի այս փուլում։ 

Ինչպես նշում են մի շարք փորձագետներ, ըստ էության, նախատեսվում է, որ այդ հանդիպմանը կքննարկվեն երկու կողմերի միջև գոյություն ունեցող մի շարք առանցքային ու զգայուն հարցեր, մասնավորապես գերիների վերադարձի հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը սկսելու, կողմերի առաջարկները, հնարավոր «խաղաղության համաձայնագրի» ու խաղաղապահների հարցը:

Հետևելով Փաշինյանի և Ալիևի՝ տարբեր առիթներով հնչեցրած ու տիրաժավորած մի քանի հայտարարություններ, ակնհայտ է, որ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» շուրջ կա որոշակի հեռակա կոնսենսուս: Կարևոր հարցերի համաձայնեցումը չափազանց կարևոր է համաշխարհային անկայունության փուլում մեր տարածաշրջանում նոր էսկալացիա թույլ չտալու նպատակով: Փաստ է այն, որ այնուհանդերձ, առանցքային հարցը մնում է Արցախի ապագայի հստակեցումը, կողմերի դիրքորոշումների համաձայնեցումը, որը չի բացառվում, որ այս հանդիպմանը քննարկվի, հաշվի առնելով, որ կողմերի հրապարակային առաջարկների փոխանակումներն առնչվել են նաև այս կարևոր հարցին:

Ի դեպ՝ արևմտամետ մի քանի պարբերականներ և փորձագետներ անընդհատ շեշտում են, որ այս փուլում հնարավոր է քննարկվի նաև խաղաղապահ կոնտինգենտի կազմը փոփոխելու հարցը, քանի որ, ըստ նրանց, միայն ռուսական ներկայությունն ունակ չէ պահպանել կայունություն ռեգիոնում: Այդ հարցը միանշանակ չի կարող ընկալվել, քանի որ շատ էական է, թե տարածաշրջանի երկրները որքանով են պատրաստ դրան և հետագա բոլոր սցենարներին: 

Ինչքան էլ փորձեն այսօրվա բանակցությունները ներկայացնել «պուպուշ» ու վարդագույն ֆոնով, միևնույն է գաղտնիք ասած չենք լինի, որ սրանք բարդ բանակցություններ են, և կարևոր է տեսնել, թե հանդիպումից հետո ինչ է ասվում: Ի դեպ տեղի ունեցողին զուգահեռ տեղի են ունենում աշխարհաքաղաքական կոնկրետ զարգացումներ․ բոլորիս աչքի առաջ մեղմվում են թուրք-ամերիկյան տարաձայնությունները, ինչը նոր իրավիճակ է հարավկովկասյան տարածաշրջանի համար:

Արմեն Հովասափյան