Foto

Հայաստանը չի խոչընդոտում ՀԱՊԿ որոշումների կայացմանը․ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղյակ է պահում Հայաստանին կազմակերպությունում կայացվող որոշումների մասին, և պաշտոնական Երևանը չի խոչընդոտում դրանց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

Մենք տեղեկացնում ենք նրանց քարտուղարության մակարդակով քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի և փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում. այս բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են, և մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որում նշվում է, որ նրանք դեմ չեն այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով», – նշել է նա։

Տասմագամբետովը հույս է հայնտել, որ առաջիկայում հայկական կողմը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ։

«Հուսով ենք, որ որոշակի ժամանակ անց քաղաքական ղեկավարությունը հավասարակշռված որոշում կկայացնի, և մենք միասին կշարժվենք առաջ»,- ասել է նա։

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։

Պատճառը 2021-2023 թվականներին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների ժամանակ ՀԱՊԿ կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն է։