Այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով նախաձեռնել միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հրատապ փոփոխություն։
Հիշեցնեմ, որ դեռ 2024 թ․ փետրվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխեց Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ) ու Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված կալանքը՝ հիմնավորելով, թե նրանք ցուցմունքներ են տվել, առերեսումներ են կատարվել և այլևս չկա միջամտության ռիսկ։
Ի՞նչ ունենք այսօր.
✔️ Լիդիա Մանթաշյանի գործով նախաքննությունն ավարտված է,
✔️ Գործը դատաքննության փուլում է,
✔️ Միջամտության կամ ճնշման ռիսկեր բացակայում են,
✔️ Նա այս գործով միակ կալանավորված կինն է,
✔️ Իսկ նրա տեսակցությունների իրավունքը ամբողջությամբ փակված է՝ բացառությամբ մոր և քրոջ:
Եվ հիմա հարց․
Եթե ԱԺ նախագահի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի կալանքը Գլխավոր դատախազը փոխեց նախաքննության ամենաբարձր ռիսկայնության պահին, ինչո՞ւ նույն իրավական մոտեցումը չի կիրառվում Լիդիա Մանթաշյանի նկատմամբ, երբ ռիսկերը զրոյացված են։
🔺Արդյո՞ք արդարադատությունը դարձել է ընտրյալների սպասարկող մեխանիզմ։
🔺Արդյո՞ք օրենքը գործում է միայն ընդդիմադիրների համար։
🔺Արդյո՞ք անհամաչափությունն արդեն դարձել է համակարգային։
Այս բոլոր պատճառները նկատի առնելով, որպես ԱԺ Մարդու իրավունքնրի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, ՀՀ գլխավոր դատախազից պահանջում եմ․ հենց իր նախաձեռնությամբ անհապաղ փոխել Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան՝ կիրառելով որևէ այլընտրանքային միջոց։
Այլևս հիմնավորում չկա երիտասարդ կնոջը պահելու բանտում։
Կալանքը չի կարող լինել պատիժ, և չի կարող ծառայել քաղաքական հաշվեհարդարի գործիք։
Այս հարցը ոչ միայն մեկ կնոջ ազատության հարց է, այլ արդարադատության օբկետիվության և իրավական համակարգի անկախության ամբողջական խնդիր։
Թագուհի Թովմասյան
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր










