Foto

Փաշինյանն ու Ալիևը այսօր կհանդիպեն Բրյուսելում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում է։ Կառավարությունից տեղեկացնում են՝ նախ սպասվում է առանձնազրույց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը։

Դեռ նախորդ շաբաթ Փաշինյանը հայտարարել էր՝ Ալիևի հետ պատրաստվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցեր՝ շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է դրանց անհապաղ մեկնարկին:

Վարչապետը հայտարարել էր նաև՝ խաղաղության բանակցություններին Հայաստանը պատրաստ է՝ լրացրած առաջարկների հիմքի վրա՝ վերահաստատելով Հայաստանի համար Բաքվի ներկայացրած 5 կետանոց առաջարկում անընդունելի ոչինչ չկա։ Երևանը Բաքվի հինգ կետերը լրացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման օրակարգով:

Առանձնացնելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ Փաշինյանն ընդգծել էր. - «Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը»:

Երևանից հնչող այս հայտարարությունները Ադրբեջանի նախագահը «լավ նորություն» էր որակել, ընդգծելով՝ Բաքուն արդեն կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։

Բրյուսելում նախատեսված հանդիպումից առաջ Ալիևը պնդել է՝ հիմա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու ժամանակն է։