Foto

Առուշանյանի գործը հնարավոր է քննվիի նաև Սահմանադրական դատարանում

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ երեկ ազատ արձակվեց  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ էր ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։

Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա. Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:

Այս երկու գործերի մասով դատարանը գտավ, որ Առուշանյանը մեղավոր է 308-րդ հոդվածով՝ այն է պաշտոնական դիրքի չարաշահում և որոշեց, որ ամբաստանյալը չի կարող 5 տարի ՏԻՄ պաշտոն զբաղեցնել։  Մնացած մասով ամբաստանյալն ազատ արձակվեց։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը կարծում է, որ այստեղ սահմանադրականության խնդիր կա։ Նախ Առուշ Առուշանանն այս պահին դեռ համայնքի ղեկավար է, միչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դա կլինի 1 ամիս հետո, եթե այն չբողոքարկվի Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ։ Իսկ բողոքարկումը լրագրողների հետ զրույցում չբացառեց Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Արամ Վարդևանյանի խոսքով, եթե նույնիսկ վճիռը մտնի օրինական ուժի մեջ, ապա այն ունենալու է սահմանադրականության խնդիր։ Պատճառն այն է, որ Առուշանյանը համայնքապետ է ընտրվել միչև որոշման կայացումը, իսկ վճիռը հետադարձ ուժ չունի, հետևաբար չի կարող ազդել արդեն նախկինում կայացած ընտրության վրա։

Ընտրովի պաշտոնի դեպքում, երբ ժողովուրդն է որոշում ով լինի քաղաքատետը, դատարանի որոշմամբ սահմանփակելը նաև ժողովրդի ազատ կամարտահայման սահմանափակում է։ Ուստի, եթե դատարանի որոշումը մտնի օրինական ուժի մեջ, ապա այն կվիճարկվի նաև Սահմանադրական դատարանում։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Vesti.am-ին հայտնեց, որ դեռ դատախազությունը որոշումը չի ստացել, չի ուսումնասիրել և վաղ է ասել՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը, թե՞ ոչ։  Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան