Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու վերաբերյալ՝ ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026թ հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա»,-ասաց Պապիկյանը:
2025թ ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026թ հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025թ ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները:
Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026թ հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Ըստ նախարարի՝ ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված և շարունակական աշխատանքների շնորհիվ:
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշեց՝ բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել ԶՈՒ-ում, որի արդյունքում հնարավոր է եղել ստանալ այս հաճելի նախագիծը:









