Foto

ՀՀ անատամ արտաքին քաղաքական վեկտորը

Հետևելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող ակտիվ գործընթացներին՝ ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի սրած ռազմական լարվածությունն ուղեկցվում է ակտիվ դիվանագիտական գործընթացով: Ընդհանուր ստեղծված իրավիճակին նախորդել էին Փաշինյանի ու Ալիևի շփումները Էմանուել Մակրոնի հետ, ինչպես նաև Ալիև-Էրդողան, Չավուշօղլու-Բայրամով բանակցությունները՝ այս օրերին Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումին զուգահեռ:

Դրանից բացի, մինչ Արարատ Միրզոյանն Անթալիայում բանակցություններ է վարում իր թուրք պաշտոնակցի հետ, Հայաստանն ու Ադրբեջանը սկսում են շոշափել Խաղաղության համաձայնագիր կնքելու թեման՝ անցնելով հրապարակային կոնկրետ գործողությունների: Նախ՝ ՀՀ ԱԳՆ-ն օրերս հայտարարեց, որ պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչ օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրներն ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում, թերևս, կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով, ու հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում: Սրան հաջորդեց Ջեյհուն Բայրամովի մեկնաբանությունը, որ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։

Միջազգային պրակտիկայում խաղաղության համաձայնագիր ստորագրելու երկու տարբերակ կա՝ երկկողմն և բազմակողմը: Տեղի ունեցող զարգացումներից հստակ է, որ Ադրբեջանը ցանկանում է երկկողմ ձևաչափ՝ առանց ԵԱՀԿ ՄԽ մասնակցության: Ակնհայտ է, որ իր հերթին Հայաստանը ցանկանում է «վերակենդանացնել» ԵԱՀԿ ՄԽ-ին, որոնք իրենք էլ չգիտեն, թե որտեղ են մոլորվել և ինչու ձայն չեն հանում: Մնում է հասկանալ, թե ի՞նչ օրակարգով է տեղի ունենալու այդ «վերակենդանացումը։ Ստեղծված պայմաններում մի քիչ դժվար է հասկանալ, թե ինչ ասել է՝ «խաղաղության համաձայնագիր» ավելին՝ հնարավո՞ր է նման համաձայնագիր կնքել ընդհանրապես։

Այս ընդհանուր քաոսի մեջ մյուս տրամաբանական հարցը, որն առաջանում է, այն է թե ի՞նչ սահմաններով է Հայաստանը պատրաստվում ճանաչել Ադրբեջանը, Ղարաբաղը մտնո՞ւմ է Ադրբեջանի կազմ, թե՞ ոչ: Հենց առաջին հայացքից տրամաբանական ու հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանում է իրավաբանորեն ամրագրել 44-օրյա պատերազմի արդյունքները՝ հստակ ներկայացնելով իր դիրքորոշումները, իսկ ՀՀ դիրքորոշումներն անհայտ են:

Մի կողմից՝ Փաշինյանն ասում է, որ պատրաստ են ստորագրել «խաղաղության համաձայնագիր», պատրաստ են իրականացնել սահմանի դեմարկացիա-դելիմիտացիա, իր հատուկ ներկայացուցչին Թուրքիայի հետ բանակցությունների ուղարկում, մյուս կողմից՝ հրավիրում են ԵԱՀԿ ՄԽ-ին միջնորդության։ Սա փաշինյանական իշխանության հերթական երկակի ստանդարտների քաղաքականությունն է, որը չունի հստակ դիրքորոշում։ Միանշանակ է, որ Փաշինյանն իր այս քայլերով անոմալիա է ձևավորվել, ավելին՝ այդ անոմալիայի շրջանակում ամեն ինչ հնարավոր է՝ և՛ գազի խնդիր, և՛ միջադեպեր, դրանք լիովին բնական են թվում, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև գլոբալ, լայնամասշտաբ պատերազմ հնարավոր չէ խաղաղապահների ներկայության պատճառով:

Քանիցս նշել ենք, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն և հասկանալի չէ, թե ինչով է զբաղված այդ գերատեսչության ղեկավարը, օրինակ ինչու էր այցելել Անթալիա, կամ հանդիպել Չավուշօղլուին: Ըստ էության, Երևանն ամենայն հավանականությամբ դիմում է ԵԱՀԿ ՄԽ-ին, քանի որ այդ շրջանակում կա կարգավիճակի հարց, սակայն հստակ որևէ դիրքորոշում չի ներկայացվում, որովհետև կա՛մ դրանք կան, կա՛մ չեն ասվում: Ի դեպ հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի համապատասխան մանդատ, որպեսզի բանակցի հայ-ադրբեջանական հարցերով։ Արցախի բանակցային գործընթացին քիչ թե շատ տեղյակը, յուրաքանչյուր ոք գիտի, որ ՄԽ մանդատը բացառապես Արցախի հարցում բանակցելու համար է։

Արմեն Հովասափյան