Անապահովների համար գազի սակագինը չի թանկանա, այս մասին այսօր հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա պարզաբանել է, որ այդ հնարավորությունը կա, քանի որ սահմանին գազի գինը չի փոխվելու 2022 թվականի համար: Ըստ նրա՝ իրավիճակն այնպիսին է, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կա բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականից՝ սահմանին գազի գինը հաշվվում է կալորիականությունով:
Փոխվարչապետի խոսքերով՝ գազի սակագինը կազմավորվում է մի քանի բաղադրիչներից, որոնցից մեկը և կարևորը՝ սահմանի գինն է և կալորիականության հնարավոր ծախսն այնքան մեծ չի, որպեսզի դա հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ:
Իսկ բիզնեսի համար գազի սակագինը կթանկանա, թե ոչ, փոխվարչապետը հորդորել է սպասել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքին:
«Իսկ բիզնեսի համար կթանկանա, թե ոչ, սպասենք` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում, ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ կխոսենք, բայց ես կարծում եմ, որ այնքան մեծ է սահմանին գազի գնի և աշխարհում գազի գնի տարբերությունը, որ պետք է մրցակցային որևէ շոկ չլինի հայկական արտադրողի համար: Այնուամենայնիվ, գազի գնից կախված են, ոչ միայն մեր արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի արտադրողները՝ գազ սպառող արտադրողները: Բոլորի համար գազի գինը թանկացել է և կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան Հայաստանի հնարավոր թանկացումները կլինեն»,- ասել է նա: