«Հագեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ
մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք
թույլ կտային վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում
և պատշաճ հսկողություն իրականացնել՝ անկախ գերատեսչական ենթակայությունից։ Սա հատված է ՄԻՊ արտահերթ զեկույցից, որը վերաբերում է հոգեբուժական
հաստատություններին։
Անդրադառնալով հարկադիր բուժման վերաբերյալ
խնդիրներին՝ Թաթոյանը հայտարարեց, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի
ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել
բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, մնացած 394 պացիենտների փաստաթղթերում նշված
է եղել, որ նրանք այնտեղ գտնվում են սեփական կամաարտահայտությամբ և ստանում են
հոժարակամ բուժում։
«Իրականում,
մեր հանդիպումները ցույց են տվել բոլորովին հակառակը, մարդիկ մշտապես հակադրվել են
և նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ, բայց
փաստաթղթերից ստացվում է, թե հոժարակամ են այնտեղ գտնվում։ Անգամ վեր ենք հանել
միևնույն անձի՝ իրարից էականորեն տարբերվող ստորագրություններ, սա լուրջ
կասկածների տեղիք է տալիս, որ մարդիկ ստորագրել են փաստաթղթեր՝ առանց իմանալու, թե
ինչ փաստաթղթեր են ստորագրել»,-ասաց նա՝ նշելով, թե այս պատկերն արձանագրել են ոչ
միայն Սևանում, այլև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում։
ՄԻՊ-ի
խոսքով՝ հոգեբուժարաններում լուրջ խնդիրներ կան ֆիզիկական զսպման միջոցների
հարցում։ «Դրանք ներգործության միջոցներն են։ Գործնականում արձանագրել ենք դեպքեր,
երբ տարբեր հոգեբուժարաններում կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական
միջոցներ։ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց
փաթաթում»։ Վերջինս իրենից ներկայացնում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում,
նման պրակտիկան խիստ անթույլատրելի է, Վարդենիսի տուն-ինտերնատում նույնպես
կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում»,-հայտարարեց
Թաթոյանը։
ՄԻՊ-ի զեկույցի հետ այնքան
էլ համամիտ չէ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը։ Տնօրենը
Vesti.am-ի հետ զրույցում հորդորեց պաշտոնական
պարզաբանում ստանալ առողջապահության նախարարության լրատվականից, սակայն չկարողացավ
թաքցնել վրդովմունքը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց լրատվականին հյուրնկալելու
՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ «Եթե հոգեկան առողջության խնդիրներ ունեցող
մարդը, որը գտնվում է հիվանդանոցում և ասում է, որ ինձ թաց փաթաթում են արել ու դա
լուրջ, պաշտոնական մարդ ցիտում է ու դա զեկույցում արձանագրված է, ապա ես եզրակացությունները
թողնում եմ մնացած մարդկանց։ Չեմ սիրում այդ հարցերի շուրջ խոսել, ես գլուխս կախ իմ
աշխատանքն եմ անում, լավագույն և լավ բաները չեն նկատվում ու ինչ-որ մի հատ, ինչ-որ
մեկնն ասաց, որ պացիենտն ինձ այսպիսի բան է աասել՝ դա հայտարարելը գտնում եմ, որ ճիշտ
չէ։ Իսկ զեկույցում ֆիքսված է, որ պացիենտի խոսքերից են տեղեկանում։ Հոգեկան պացիենտ
մարդը կարող է զգացողությունների մեջ էլ շփոթվել։ Բուժում ստացող կա, որ մի քանի օր
առաջ ընդունել ենք, ասաց, որ իրեն անցած տարի էլ ենք այստեղ սպանել և թաղել։ Հիմա պետք
է քրեական գործ հարուցեն, որ այստեղ մարդ ենք սպանում։ Ես ասելու շատ բաներ ունեմ։
Եթե նախարարությունից թույլ կտան, համեցեք»,- եզրափակեց Կարապետյանը։









