Foto

Դատական տեղեկատվական համակարգը չի աշխատում․ մասնագետների մտահոգությունները

Դատական տեղեկատվական ԴատաԼեքս համակարգում մեկ ամսից ավելի է՝ տվյալներ չեն հրապարակվում։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի պատասխանատու Լիլիթ Շաբոյանն ասում է, որ տեխնիկական խնդիր է առաջացել և մասնագետները դեկտեմբեր ամսվա կեսերից փորձում են կարգավորել խնդիրը և հույս հայտնում, որ հնարավորինս սեղմ ժամկետներում խնդիրը կկարգավորվի։

ՄԻՊ Արման Թաթոյանի համար համակարգում տվյալների չհրապարակելը մտահոգիչ է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ԴատաԼեքսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համակարգում վարչական գործերով տվյալներ չկան 2021 թվականի դեկտեմբերի 10-ից, քրեական գործերով՝ դեկտեմբերի 23-ից, քաղաքացիական, սնանկության գործերով և վճարման կարգադրություններով՝ դեկտեմբերի 24-ից:

Թաթոյանը նշում է, որ ԴատաԼեքսը և գործերի «ձեռքով» մակագրության հետ կապված ահազանգերը պետք է դիտարկել միասնական կապի մեջ:

«ԴատաԼեքսում գրառումների բացակայությունը հնարավորություն չի տալիս Մարդու իրավունքների պաշտպանին, փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կամ հանրությանը՝ յուրաքանչյուրին իր իրավական հնարավարության սահմաններում, վերահսկել՝ արդյոք դատական կազմերի դատավորները ընտրվում կամ կոնկրետ դատավորներին գործերը մակագրվում են խախտումներով կամ ինչ վտանգավոր հետևանքների են առաջ գալիս մարդու համար»,- գրել է ՄԻՊ Թաթոյանը:

Տվյալների ստացման լուրջ դժվարությունների առաջ են կանգնել փաստաբանները:

Այս վիճակը խախտում է նաև մարդու բողոքարկման իրավունքը:

Մի շարք փաստաբաններ ՄԻՊ-ին տեղեկություններ են ներկայացրել այն մասին, որ ԴատաԼեքս համակարգում նշված ընթացակարգով գործերի դեպքում դատարանի ակտը չի հրապարկվում և իրենք կանգնում են խնդրի առաջ:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Vesti.am-ի հետ զրույցում  ասաց․ «Սա իրականում լրջագույն խնդիր է՝ թե՛ իրազեկման առումով, թե՛ դատական համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության  առումով։ ԴատաԼեքս համակարգի պատշաճ աշխատանքը նշանակում է նաև հնարավորություն՝ հանրային վերահսկողություն իրականացնելու դատական իշխանաության գործունեության մասով։ Օրինակ՝ վերլուծելու, թե ինչպես են մակագրվում գործերը, կա՞ն արդյոք կասկածելի միտումներ։ Սա ընդամենը կայքի աշխատել-չաշխատելու հարց չի՝ սա հանրությանը հանրային վերահսկողության կարևոր գործիքից զրկելու միտում է»,- եզրափակեց իրավապաշտպանը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան