ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել էր Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։
Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի որոշման դեմ, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։