Foto

Քննարկվել է ՀՀ-ի և ՌԴ-ի ՆԳ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկատվական փոխգործակցությանը վերաբերող համաձայնագիրը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ին հրավիրած հերթական նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2021թ. մայիսին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով տեղեկատվության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառումը նպաստելու է երկու պետությունների իրավապահ մարմինների միջև գործակցության դյուրացմանը: Իրավասու մարմիններն էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն և կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը: Փոխոստիկանապետի հավաստմամբ` պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն չի փոխանակվելու:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ընդգծել է համաձայնագրի կարևորությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և գործակցության շրջանակներում:

Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի նախագծին:

Հանձնաժողովականները քննարկել և դրական եզրակացություն են տվել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Առաջին ընթերցումից հետո երկու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ չէին ներկայացվել: