Foto

Գուցե պրոֆեսորի առաջարկը վարակիչ լինի նաև նախարարությա՞ն համար

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում խնդրանքով դիմել է լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին և հայտնել պատվաստված քաղաքացիների ցածր ցուցանիշի՝ 12%-ի մասին, ապա առաջարկել է միասնական պայքար կորոնավիրուսը հաղթահրելու և մարդկանց գիտակցությունը բարձրացնելու համար։

«Հարգելի և սիրելի լրագրողներ, առնվազն 7 ամիս Հայաստանում սկսվել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ կարողացել ենք հասարակության 12%-ին բացատրել, որ ներկա պահին չունենք այլընտրանք՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։Ես գիտեմ, որ հասարակության վստահության կարևորագույն ու հզոր զենքերից մեկն այսօր ձեր ձեռքերում է, ուստի խնդրում եմ, եկեք մեր՝ բուժաշխատողների զենքերի հավաքածուում, ավելացնենք նաև ձեր զենքերը, որպեսզի կարողանանք կանխենք այս կորոնավիրուսային աղետը, որը մոլեգնում է աշխարհում ու ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում բնակվող 6582 մարդու կյանք է խլել․․․»,- գրել է Մուրադյանը։

 

Առաջին անգամ է , որ այս իշխանության օրոք արվում է կառուցողական առաջարկ, նշվում է պատրաստակամության  ևՄԻԱՍԻՆ գործելու կարևորությունը։ «Պատրաստ եմ, բժշկական համալսարանի գիտական ողջ ներուժը տրամադրել, որպեսզի ՄԻԱՍԻՆ կարողանանք հասարակությանը մատուցել միայն հավաստի և փաստերի վրա հիմնված բժշկագիտական տեղեկատվություն։

Հավատացեք մեզ՝ բժիշկներիս, այս կորոնամիֆային տեղեկատվական հոսքերի շրջանում, ձեր՝ լրագրողների, գրագետ աշխատանքն օդ ու ջրի պես անհրաժեշտ է։ Առաջարկում և խնդրում եմ միացեք Սպիտակ բանակին և այս կորոնամիֆային տեղեկատվական տարափի մեջից միասին դուրս կբերենք միայն գիտական նյութեր և կմատուցենք ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ:

Արդյունքում, կկանխենք կորոնաաղետը, կփրկենք Մարդկանց»,- գրել է բժիշկը։

Նույնիսկ ռազմական դրության դեպքում, երբ իշխանությանն իրապես պետք էր 4-րդ իշխանության աշխատանքը,կրկին լրատվականների հետ խոսեցին պարտադրանքի և օրենքի լեզվով։  Միայն այս դեպքում միասնական լինելու և ոչ թե ստիպված, պարտադրված, այլ հանուն գաղափարի համախմբման և կոնկրետ քայլեր կիրառելու առաջարկ է հնչել։

«Երկուշաբթի օրվանից՝ ԵՊԲՀ-ում, ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ԶԼՄ-ներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

Աշխատանքային խումբն ունի հստակ սկզբունք՝ աշխատելու է օբյեկտիվ, արագ, փաստական ու կառուցողական։

Երկուշաբթի կներկայացնենք մասնագետներին և նրանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն 7 օր՝ 24 ժամ»,-եզրափակել է պրոֆեսոր Մուրադյանը։

Իհարկե առաջարկն ավելի վաղ կամ գոնե հիմա պետք է արվեր առողջապահության նախարարության կողմից, սակայն ընտրեցին տուգանելու և աշխատանքից հեռացնելու մեխանիզմը։ Կառավարության ճեպքզրույցում Անահիտ Ավանեսյանը լրագրողներին հպարությամբ ասում էր, որ մի քանի բժիշկներ աշխատանքից հեռացվել են հակապատվաստումային քարոզ իրականացնելու համար։ Գո՞ւցե առաջարկը վարակիչ լինի և նախարարությունը սկսի խոսել բժիշկների հետ, հողորդակցվել, քննարկել ու լսել նրանց մտավախությունները։ Այդպես նախարարության հակափաստարկներն ավելի արդյունավետ կլինեն։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան