Foto

Համաճարակը զարգանում է այլ խմբում, թեստավորում և պատվաստում են այլ խմբի․ համաճարակաբանը՝ 7 օրյա գրաֆիկով թեստ հանձնելու մասին

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Առողջապահության նախարարությունը առաջարկելու է, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ թեստերի բացասական պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի։ Մեր կողմից արդեն իսկ հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր:

Vesti.am-ը համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե այս որոշումը համաճարակաբանական ի՞նչ խնդիր կլուծի։ «Թեստավորման այս տարբերակը համաճարակաբանական որևէ խնդիր չի լուծում։ Իրենք ամեն շաբաթ հետազոտում են նույն խմբին, իսկ համաճարակը զարգանում է այլ խմբում։ Այդ նույն խումբը, եթե նույնիսկ ամեն օր ստուգվի, որևէ խնդիր չի լուծվի։  Համաճարակը զարգանում է այն խմբում, որոնք այդ հետազոտություններին ենթարկվողների թվում չեն։ Թեստավորման կամ պատվաստման պարտադիր պահանջին չեն ենթարկվում, թոշակառուները, երեխաները, հաշմանդամները, որոնք էլ հենց ռիսկի խումբ են կազմում։ Խնդիրը թեստավորվելու կամ պատվաստվելու մեջ չէ՝ համաճարակը զարգանում է այլ խմբում, թեստավորում և պատվաստում են այլ խմբի։ Իրենց գործողություններն այս պահին, այս ձևով համաճարակի հաղթահարման վրա դրական ազդեցություն չեն թողնում»,- նշեց համաճարակաբանը։

Էդուարդ Հովհաննիսյանը վստահ չէ, որ որոշումը կխթանի պատվաստման գործընթացին։ Նրա կարծիքով՝ պատվաստվածների մեծ թիվը ևս այս խմբից են և որոշումը քաղաքացիների որոշակի մասի ֆինասական բեռն ավելացնելուց բացի որևէ այլ խնդիր չի լուծի։

Դեռ նախորդ տարի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը և մի քանի այլ համաճարակաբաններ մասնագիտական առաջարկություններ էին ներկայացնում և խորհուրդների էին տալիս նախարարությանը։ Հետաքրքրվեցինք, թե հիմա ի՞նչ առաջարկներ ունեն: «Մենք արդեն 1,5 տարի է կանխատեսումներ ենք անում, առաջարկներ ներկայացնում, բայց դա միակողմանի է, որևէ մեկը չի լսում և ընդունում։ Նախարարությունն անհաղորդ է ցանկացած քննարկման համար, սակայն եթե հիմա էլ առաջարկեն, գան քննարկման, էլի պատրաստ ենք դրան՝ հանուն ազգաբնակչության առողջության։ Առաջարկները շատ են՝ մոտեցումները և ռազմավարությունը պիտի փոխվի»,- եզրափակեց բժիշկ, համաճարակաբանը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան