Գաղտնիք է չէ այն պարզ
իրողությունը, որ նախորդ տարի սանձազերծված 44-օրյա պատերազմն ու այդ պատերազմում մեր
կրած մարդկային կորուստներն ինչ-որ չափով ստվերեցին ու մոռացության տվեցին
կորոնավիրուսի պատճառած ավերները: Մարդիկ համավարակ ասվածին սկսեցին նայել մատների
արանքով, չնայած հենց պատերազմի օրերին քովիդը շարունակում էր իր սև գործը։
Այսօր փաստ է այն, որ
կորոնավիրուսի խլած կյանքերի թիվն անցնում է 7 հազար 500-ը: Ընդ որում այստեղ էլ, ինչպես
44-օրյա պատերազմում, չկա զոհերի հստակ թիվ՝ շատերն են մահացել այլ հիվանդություններից,
որոնք սրվել են քովիդի պատճառով, բայց շատերն էլ մահացել են հենց կորոնավիրուսից` առանց
ուղեկցող հիվանդություններ ունենալու, իսկ այդ մասին կա՛մ չի հայտարարվել, կա՛մ համապատասխան
մարմինները տեղյակ չեն եղել:
Եթե անկեղծ, ՀՀ իշխանություններին
հավասարապես մեղադրել 44-օրյա պատերազմում կրած կորուստների և կորոնավիրուսի պատճառած
մահերի մեջ, կարծես ճիշտ չէ, բայց հստակ է մեկ բան՝ թե՛ պատերազմում, թե՛ կորոնավիրուսի դեմ
պայքարում ՀՀ իշխանությունները ցուցաբերել են նույն վարքագիծը՝ անճարակություն, թափթփվածություն,
մեղավորների փնտրտուք, հուսահատ փախուստ, արհեստական օրակարգերի առաջ քաշում և գլխավորը՝
թեմայի մանիպուլացում։
2019 թվականից սկսած՝
մի շարք առաջավոր երկրներ հայտնաբերեցին զանազան պատվաստանյութեր, որոնք հակազդում
են կորոնավիրուսի տարածմանը և էապես նպաստում կորոնավիրուսը հաղթահարելու կամ համեմատաբար
թեթև տանելու պրոցեսին: Այդ պատվաստանյութերը շատ արագ հասանելի դարձան նաև Հայաստանի
կարգի երկրների համար: Դրանց մեծ մասն անվճար տրամադրվեց՝ բնակչությանը մահաբեր համավարակից
զերծ պահելու համար: Իսկ ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը դրանից հետո: Ոչինչ, բացի այն,
որ չկարողացավ կազմակերպել համատարած պատվաստման գործընթացը: Ավելին՝ ՀՀ իշխանությունները,
ինչպես մատների արանքով էին նայում կորոնավիրուսին, նույն անտարբերությամբ էլ վերաբերվեցին
պատվաստման գործին: Ավելի ուշ ՀՀ իշխանությունները գործի դրեցին վարչական մեթոդներ, սկսեցին
սպառնալ տույժ ու տուգանքներով, բայց դրանք արդեն անօգուտ քայլեր էին, քանզի մարդկանց
այլևս հնարավոր չէր բացատրել, որպեսզի գիտակցաբար գնային պատվաստման քայլին:
Օրերս հայտնի դարձավ,
որ նոյեմբերի 1-ից մենք կրկին անցանք դրսում դիմակ կրելու ռեժիմի: Այս հին ու նոր միջոցառումն
էլ իր հերթին արգելակեց պատվաստվելու գործընթացը: Եթե դիմակն ինձ պաշտպանում է, ապա
ինչո՞ւ պատվաստվեմ կասկածելի հեռանկար խոստացող դեղամիջոցներով: Իսկ ամենազավեշտալին
էլ այն է, որ հասարակական տրանսպորտում, օրինակ, մարդիկ երթևեկում են իրար գլխի լցված,
առանց դիմակների, առանց ախտահանիչ նյութերի: Ի՞նչ է սա, եթե ոչ ժողովրդին բախտի քմահաճույքին
թողնել:
Արթուր Սարգսյան