Foto

Կատաստրոֆիկ հետևանք կունենա, ընդհուպ՝ ԵԱՏՄ-ից դուրս թողնել․ քաղաքագետը՝ Կիևից ցորենի գնման մասին

Արտաքին քաղաքական հերթական արկածախնդրություն, դավաճանություն։ 24News-ի հետ զրույցում այսպես որակեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը՝ ռուսական ցորենից հրաժարվելու, փոխարենը՝ ուկրաինականը նախընտրելու հայկական կողմի այն մտադրությանը, որի մասին այսօր պաշտոնապես հայտարարեց ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։

Փոխարենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը անհեթեթություն որակեց։
Սուրենյանցն էլ, իր հերթին, նշեց, որ Փաշինյանն իր ոճով է հակադարձել․
«Նիկոլ Փաշինյանը միշտ էլ այդպես է վարվել՝ ակնհայտ ճշմարտությունը անհեթեթություն է որակել, ինչ-որ փուլ հետո հերքել է նախորդիվ հերքած տեքստը»։

Քաղաքագետը մտահոգություն է հայտնում՝ եթե հաստատվի տեղեկությունը, ապա կնշանակի, որ Հայաստանը հետևողականորեն ստրատեգիական կողմնորոշումը փոխում է․
«Ընդ որում, փոխում է առանց հաշվարկների, որովհետև մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեր տնտեսությունը կախված է ԵԱՏՄ շուկայից։ Սա կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ, որովհետև ՌԴ-ի հակազդեցությունը վախ թե ուշ հետևելու է էս ամեն ինչին»։

Սուրենյանցի խոսքով, ՌԴ-ն կարող է սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ․
«ԵԱՏՄ-ից դուրս թողնելուց սկսած՝ վերջացրած այլ խոչընդոտներ կամ այլ բոնուսներ, որոնք այսօր ունենք, կզրկեն և մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ որ ստիպված կլինենք գազի և այլնի համար ավելի շատ վճարել»։

Դիտարկմանը, որ այդ պարագայում ռուսական կողմի նմանօրինակ քայլը չի՞ լեգիտիմացնի հայկական կողմի նախընտրությունը, քաղաքագետը նշեց․
«Արդյոք մեր բոլոր կարիքները ուկրաինական կամ ղազախական ցորենը կարո՞ղ է բավարարել կամ ինչի՞ ես թողնում ընդհանրապես քո ռազմավարական դաշնակցին, արտաքին տնտեսական հիմնական գործընկերոջը և առևտուր անում այլ գործընկերների հետ, որոնցից առնվազն մեկի հետ քաղաքական լուրջ խնդիրներ ունես, խոսքը Ուկրաինայի մասին է»։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Հայաստանը քաղաքական պատճառներով «ցանկանում է ազատվել» Մոսկվայից և օգնել Ուկրաինային՝ գնելով նրա անհրաժեշտ հացահատիկի մի մասը «անկախ» երկրից։

Երևանը Բրյուսելին փոխհատուցում է առաջարկում ուկրաինական հացահատիկի գերարժեքի համար։ «Եվրամիությանը առաջարկվում է «երեքը մեկում» գործարք՝ հացահատիկ Հայաստանի համար, աջակցություն Կիևին և անվստահության ստեղծում Մոսկվայի ու Երևանի միջև», – նշված էր պաշտոնական զեկույցում։

Ի պատասխան զեկույցում տեղ գտած պնդումների՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հերքեց տեղեկությունը․
«Չի կարող այդպիսի բան լինել, բացարձակ անհեթեթություն է»։

Փաշինյանի հերքմանը հաջորդեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունն առ այն, որ «ՌԴ ԱՀԾ հաղորդագրությունները երբեք անհիմն չեն։»։

Թեման այսքանով չավարտվեց, քիչ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, կրկին անդրադառնալով թեմային, այս անգամ թեև կրկին հերքեց, բայց ավելացրեց․
«Պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տեսնելուց, թե շուկայում է՞լ ինչ կա, է՞լ ով է ցորեն վաճառում։ Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա ու ասի՝ «ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք» ու մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք, չի լինելու նման բան»։

Մերի Մանուկյան