Foto

Քովիդի «հակառակ կողմը»

Աշնանային անցումային սեզոնին, ինչպես և կանախատեսել էին ոլորտի մասնագետները, Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի կտրուկ ավելացում է արձանագրվում։ Հետևելով վիճակագրությանն՝ ակնհայտ է դառնում, որ օրական 2 հազարին մոտ նոր դեպքեր են հայտնաբերվում, 50-ից ավելի մարդիկ մահանում են քովիդից, չնայած մահացածների հիմնական մասի մոտ առկա են նաև ուղեկցող հիվանդություններ։ Բայց վարակակիրների նման բարձր ցուցանիշներն արտառոց չեն և ոչ էլ առաջին անգամ են արձանագրվում։ Այդպիսի իրավիճակ էր, մասնավորապես, ղարաբաղյան պատերազմի շրջանում։ Այն ժամանակ, երբ քովիդի դեմ պայքարն ընդհանրապես մղվել էր հետին պլան, առանձին օրերին հայտնաբերվում էր մինչև անգամ 1,5-2 հազար վարակակիր։ Վերջին շրջանում ևս պատկերն այդպիսին է, բայց մեկ տարբերությամբ դա տեղի է ունենում թեստավորման քանակի անհամեմատ աճի պայմաններում։ Այն բանից հետո, երբ առողջապահության նախարարի հայտնի հրամանը մտավ ուժի մեջ, շատերը հարկադրվածեն թեստավորվել։ Մի բան, ինչն էապես ավելացրել է ՊՇՌ հետազոտությունների քանակը։ Այն հիմա անցնում է օրական 15 հազարից, իսկ առանձին օրերին հասնում է ընդհուպ 20 հազարի։ Սա իր հերթին բերել է հայտնաբերվող վարարակիրների թվի ավելացման, ինչը ևս բնական է։ Ասվածն ամենևին չի նշանակում, թե հիմա ՀՀ-ում համաճարակի տարածվածությունն ավելի մեծ է, քան նախկինում էր։ Նախկինում առավելագույնն իրականացվում էր 2-3 հազար թեստավորում, հիմա թեստավորումն անգամներով ավելացել է։

Վարակվածության մակարդակը սովորաբար չափում են ոչ թե չոր թվերով, այլ թեստավորման ու հայտնաբերված վարակակիրների հարաբերությամբ։ Մի փուլ կար, երբ այդ հարաբերակցությունը հասնում էր ընդհուպ մինչև 40 տոկոսի, այսինքն՝ հետազոտվողների 40 տոկոսի մոտ հայտնաբերվում էր կորոնավիրուս։ Վերջին շրջանում, չնայած թվում է, թե համավարակն ընդլայնվել է, ավելացել են հայտնաբերումները, այնուհանդերձ այս հարաբերակցությունն անհամեմատ ավելի ցածր է։

Վարակը հայտնաբերվում է թեստավորվողների միայն 10-15 տոկոսի շրջանում։ Ի դեպ՝ չի բացառվում, որ նրանց մի մասն էլ կեղծ վարակակիրներ են, այսինքն պացիենտը այլ հիվանդություն ունի, բայց ներկայացվում է կորոնավիրուս։ Ամեն դեպքում, դրանով հանդերձ՝ 10-15 տոկոս հայտնաբերումը համավարակի ի հայտ գալուց հետո ամենևին էլ ամենաբարձր ցուցանիշը չէ։ Այնպես որ, չնայած այսօր էլ վարակվածության աստիճանով Հայաստանը գտնվում է բավական բարձր դիրքում, ինչը, անշուշտ, վատ է, այնուհանդերձ դա հիմք չէ համավարակի նոր պիկի մասին խոսելու համար։ Պարզապես վերջին շրջանի ահաբեկումները՝ ավելի շատ պատվաստվել պարտադրելու նպատակ ունեն։

Հանուն արդարության պետք է փաստել, որ պատվաստումների մակարդակը Հայաստանում իսկապես ցածր է։ Այդ ցուցանիշով աշխարհում գտնվում ենք հետնապահների շարքում։ Հայաստանում լիարժեք պատվաստվածության մակարդակն ընդամենը 10-12 տոկոսի սահմաններում է, այն դեպքում, երբ շատ երկրներ անցել են 70-80 տոկոսից։ Հարկավոր է նշել, որ պատվաստումների նկատմամբ անվստահությունն ավելի է խորացրել հենց իշխանությունների գործողությունների հետևանքով։ Առանձին «էլիտար» շերտերի ազատել են՝ ինչպես պատվաստումից, այնպես էլ՝ ՊՇՌ հետազոտություններ ներկայացնելու պարտադիր պահանջից։ Մի բան, ինչը խորացրել է կասկածները հասարակության շրջանում պատվաստումների նկատմամբ։ Մարդիկ բոլոր հնարավոր ձևերով աշխատում են խուսափել դրանից։ Հատկապես որ, պատվաստված լինել-չլինելը չի ազատում վարակվելու կամ մահանալու վտանգից։ Այս ամենին հավելենք, որ մարդիկ լուրջ կասկածներ ունեն պատվաստումների հետևանքով հետագայում ի հայտ եկող առողջական խնդիրների առումով։

Արթուր Սարգսյան