Foto

Տիկի՛ն Ավանեսյան, ոչ թե խլությամբ տառապող, այլ՝ խլություն ունեցող․ նախարարի հրամանի կոպտագույն սխալները

Այսօրվանից ուժի մեջ է մտում առողջապահության նախարարի հերթական հրամանը, որով բաց տարածքներում ևս պարտադիր է դիմակ կրելը։ Նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն սահմանվում է, թե ովքեր կարող են դիմակ չկրել։  Չնայած իրավական և սոցիալական անհավասարության դրսևորումներին, նախարարի հրամանում, որպես բացառություն գրված է նաև՝ «խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը)»։ Այն, որ Անահիտ Ավանեսյանը չունի մասնագիտական կրթություն, չի տիրապետում մասնագիտական նրբություններին, մեկ անգամ չէ, որ ապացուցել է: Իսկ թե ինչպե՞ս խոսել հաշմանդամության թեմայով, պետք է իմանան սոցիալական հասարակությունում ապրող բոլոր անձինք, իսկ պաշտոնյաները՝ հատկապես։ Չի կարելի ասել «խլությամբ տառապող անձինք», պետք է ասել խլություն ունեցող անձինք։ Մեր կողքին ապրող յուրաքանչյուր անձ, անկախ նրանից ունի հաշմանդամություն, թե ոչ, մեզնից մեկն է և հաշմանդամությունը սոցիումում չընդգրկվելու պատճառ չէ։ Ներդրած ներառական կրթության բոլոր ծրագրերում բարձրաձայնվում է, որ հաշմանդամությունը դեռ դատավճիռ չէ։ Անահիտ Ավանեսյանն իր հրամանում նշում է «տառապող» բառը, ինչը չի կարելի և կոպիտ սխալ է։ Նրանք չեն տառապում, այլ պարզապես ապրում են այդպես։

Հրամանի հաջորդ կետում նշված է՝ «հոգեկան խանգարումները և վարքի խանգարումները, կոգնիտիվ խանգարումները»։ Տիկի՛ն Ավանեսյան, ոչ թե խանգարումներ այլ հիվանդություն՝ «հոգեկան հիվանդություն ունենցող անձինք» և այսպես շուրունակ։ Միայն այս հրամանում նխարարությունը մի քանի անգամ շրջանցել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ Եթե նախարարը չի պահպանում նրանց հետ հաղորդակցման նրբությունները, ապա ինչպե՞ս պետք է լսի և հոգա նրանց կարիքները։ Ենթադրվում է, որ, բացի նախարարից, այս հրամանի տեքստը. մինչ ստորագրելը և հրապարակելը, նախարարության այլ աշխատակիցներ ևս պետք է ընթերցած լինեին, գուցե նաև սրա շուրջ քննարկումներ եղած լինեին։ Կա՛մ Ավանեսյանը, ոչ մեկի հետ չի քննարկվել, կա՛մ նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս չեն տիրապետում հաղորդակցման այս պարզ ձևին, որը պետական հրամանում առնվազն պետք է պահպանվեր։ Երկու դեպքն էլ անընդունելի է։ Նախարարությունում կոլեկտիվ քննարկումներ չե՞ն արվում, թե՞ չգիտեն էլեմենտար կանոնները։

Հեղինակ: Աննա Ավետիսյան