Foto

Շվեյցարիան կփակի երկինքը Պուտին-Բայդեն հանդիպման ընթացքում

Շվեյցարիայի կառավարությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացրել փակել Ժնևի երկինքը Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սահմանափակումները կգործեն հունիսի 15-ի ժամը 08։00-ից մինչև հունիսի 17-ը՝ 17։00-ն, Ժնևի Ազգերի հրապարակի շրջանում։ Կառավարությունում նշել են, որ սահմանափակումը չի անդրադառնա դեպի քաղաքի միջազգային օդանավակայան և դրանից այլ ուղղություններով կատարվելիք կոմերցիոն չվերթների վրա։

Անվտանգության միջոցները ներառում են նաև օդային տարածքի հսկողություն, մարտական ​​ինքնաթիռների տեղակայում և այլն։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին, Ժնևում: Սպիտակ տունը հայտնել է, որ քաղաքական գործիչները կխոսեն Ուկրաինայում և Բելառուսում տիրող իրավիճակի մասին: Բացի այդ, Վաշինգտոնը ցանկանում է քննարկել զենքի վերահսկողության և մարդու իրավունքների թեման: