Foto

Այդ նույն Մյունհաուզենը

Հայաստանը Փաշինյանի կառավարման երեք տարվա ընթացքում աստիճանաբար վերածվել է ֆանտոմ պետության: Ավելի ճիշտ գոյություն ունի երկու Հայաստան: Իրական Հայաստանում հազարավոր զոհեր, վիրավորներ ու գերիներ կան, սահմաններին ադրբեջանցիները խրամատներ են փորում, ժողովուրդը բզկտվել է բազմաբնույթ խմբերի, տնտեսությունը փլուզման եզրին է, ներքաղաքական անկայունությունը պետական անվտանգությանն է սպառնում և այլն: Մյուս Հայաստանում, որ Փաշինյանն է ներկայացնում միտինգներում և իր «ուսապարկերին», ապագա կա, տնտեսությունը ծաղկում է, մարդիկ երջանիկ են, որովհետև իշխանությունն իրենցն է, բայց «բարեբախտաբար մահանում են», կապիտուլյացիա չկա, սահմաններն անվտանգ են, բայց դա չեն տեսնում միայն իր ընդդիմախոսները: Երեկվանից Փաշինյանի Հայաստանում նաև նոր պաշտպանական առաջնագիծ կա, բայց դա էլ է անտեսանելի: Ընդամենը 7 ամիս առաջ Արցախի պաշտպանության նախարարի մեքենան քողարկել չկարողացածը հիմա ամբողջ առաջնագիծ է թաքցնում:

Պատմությանն ու ռազմարվեստին բազմաթիվ ամրակուռ պաշտպանական գծեր են հայտնի՝ չինական պատը, Ադրիանոսի պատը, Ղրիմի թումբն ու Պերեկոպը, Մոժինոյի, Մաներհեյմի ու Ստալինի գծերը: Ինչպես ամեն ինչում, այստեղ էլ Փաշինյանն աննախադեպ է՝ նրա պաշտպանական գիծն անտեսանելի է, բայց միայն ընդդիմախոսների ու ադրբեջանցիների համար: Երեկվանից հարցուփորձ եմ անում բազմաթիվ քաղաքացիների ու մասնագետների, բայց ոչ ոք չի տեսել, չի լսել այդ գերգաղտնի առաջնագծի մասին, կարծես դա ոչ թե մի բուռ մնացած Հայաստանում, այլ հեռավոր Մադագասկարում կամ Մյունհաուզենի հորինած իրականությունում է:

Հետաքրքիր է, եթե առաջիկա ընտրություններին Փաշինյանի օգտին քվեարկեն միայն նրանք, ովքեր տեսել են այդ ֆանտոմ առաջնագիծը, քանի՞ ձայն կհավաքվի՝ «ԻՔ» պատգամավորներին չհաշված:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան