Foto

Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար:

«Լիակատար փոխվստահության և հարգանքի մթնոլորտում կայացած մեր հանդիպումը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նոր ուղիներ նախանշեց: Միանգամայն համաձայն եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար,–ասվում է ՀՀ նախագահի նամակում:

Նա նշել է`ուրախ է արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ ու խոստումնալից հեռանկարային փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների, կրթու­թյան և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներ­գետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:«Հավատացած եմ, որ այցի շրջանակներում ձեռք բերված գործնական և արդյունա­վետ պայմանավորվածություններն առավել կխորացնեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ի բարօրություն մեր եղբայր ժողովուրդների»,–գրել է նախագահը: 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ`ապրիլի 15–ին այցելեց Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: